Բալային համակարգը ՀՀ-ում պահանջված փոփոխություն էր

«Երթևեկության տեսանկյունից 2020 թվականը բեկումնային տարի է և բալային համակարգը ՀՀ-ում պահանջված փոփոխություն էր, քանի որ տարեցտարի երթևեկության վիճակը վատանում էր»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը։

«100 խախտումներից միայն 25-ի դեպքում են տուգանային միավորներ ավելացել, միևնույն ժամանակ՝ 100 խախտումների պատիժներից 28-ի ֆինանսական բեռը նվազել է մի քանի հարյուր անգամ, ընդհուպ՝ մինչև զրո դրամ: Բայց սա փոխարինվել է այլ լծակով, որն է՝ վարորդական իրավունքից զրկելը: Բարձր արագությամբ՝ 81 կմժ-ից ավելի վարելու դեպքում նախատեսված է զրկում: Հատկանշական է, որ նախորդ տարիներին ավելի շատ զոհեր եղել են ալկոհոլ օգտագործելու, բարձր արագությամբ մեքենա վարելու և հանդիպակաց դուրս գալու դեպքում: Հետաքրքրական է, որ կարմիր լույսի դեպքում տրված է երկու միավոր, ընդ որում՝ 50.000 դրամից խախտումը դարձել է 25.000 դրամ»,- ասաց Սերգեյ Ղահրամանյանը:

Ղահրամանյանը վստահ է, որ դրամական պատիժներն այլևս լծակ չեն հանդիսանում, և այն շրջանցելու համար գոյություն է ունեցել երկու մեխանիզմ. կամ մշտապես վճարել են տուգանք և խախտում կատարել՝ որքան ուզել են, կամ մի հատված էլ  հազարավոր խախտում է արել, սակայն համարվել են սնանկ և որևէ պատասխանատվության չեն ենթարկվել, ստեղծվել է անպատժելիության մթնոլորտ: Բացի դրանից,  նրա կարծիքով,  9 միավորն այն թիվն է, որի դեպքում վարորդների շուրջ 80 տոկոսը տարվա մեջ կարող է իրականացնել 3-5 խախտում:

«Խոսակցությունները, որ, մարդկանց երկու անգամ են տուգանում՝ այսինքն և՛ բալ է հանվում և՛ գումար են վճարում, այդպես չէ, խախտման իրավանորմն իր մեջ կարող է պարունակել հիմնական և լրացուցիչ տուգանք,- ասաց Ղահրամանյանն ու հավելեց,-օրինակ՝ Քրեական օրենսգրքում կա գույքի բռնագանձում և կալանք, իսկ այստեղ ֆինանսական և տուգանային միավոր է: Այսինքն, մեկ տուգանք է համարվում, պատժվում է Վարչական օրենսգրքի մեկ հոդվածով: Արդեն մոտավոր հաշվարկով կա 100 արձանագրություն, 50-ի մասով կայացվել է որոշում: Վարորդական իրավունքից զրկված վարորդներ կան, օրինակ՝ ոստիկանի պահանջը չկատարելու, նաև խմածության դեպքերով: Ընդ որում, խմածության ստուգումից հրաժարվելը երկու տարով է զրկում: Հիմնականում մարզերում են շատ խմածության դեպքերը»։