«Ներողություն ենք խնդրում և ցավակցում». Զարիֆը ներողություն է խնդրել ուկրաինական ինքնաթիռի խոցման համար

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ներողություն է խնդրել իրանցի զինվորականների կողմից խոցված ուկրաինական ուղևորատար օդանավի համար: Հաղորդագրությունը տեղադրված է նախարարի թվիթերյան միկրոբլոգում։

«Տխուր օր: Զինված ուժերի ներքին հետաքննության նախնական եզրակացությունները. ԱՄՆ-ի արկածախնդրության հետևանքով գոյացած ճգնաժամի ընթացքում մարդկային սխալն աղետի է հանգեցրել: Խորապես ցավում ենք, ներողություն ենք խնդրում և ցավակցում ենք մեր ժողովրդին, բոլոր զոհերի ընտանիքներին և տուժած այլ երկրներին»,- նշել է Զարիֆը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իրանի նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրն իր ցավակցությունն էր հայտնել երկրի զինված ուժերի կողմից սխալմամբ ուկրաինական ինքնաթիռի խոցման համար:

Ռոհանին նշել է, որ «այս աններելի սխալի համար պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն»:

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վաշինգտոնն Օտտավային հետախուզական տեղեկություն է փոխանցել, որը հաստատում է այն վարկածը, որ Boeing-ի կործանման պատճառն Իրանի զենիթահրթիռային համալիրից արձակված համազարկն է եղել: