Բացակայությունը երբեք մոռացման պատճառ չդարձավ․ այսօր Անրի Վերնոյի մահվան օրն է (տեսանյութ)

2002թ․ հունվարի 11-ին մահացել է ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյը (ֆր.՝ Henri Verneuil, իրական անունը՝ Աշոտ Հակոբի Մալաքյան), որը մեզանում հայտնի է իր «Մայրիկ» և «Պարադի փողոց, տուն 588» ֆիլմերով, որոնք ինքնակենսագրական են, պատմում են Հայոց ցեղասպանությունից հետո Մարսել տեղափոխված Հակոբ Մալաքյանի (Վերնոյի հայրիկի) ընտանիքի պատմությունը։ Վերնոյը իր կարիերայի ընթացքում նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ, որոնցից առաջինը եղել է 1948 թվականին նկարահանած «Հայոց վշտի և ազատության երգիչը» ֆիլմը՝ նվիրված գրող Ավետիս Ահարոնյանին։

Անրի Վերնոյը ծնվել է Օսմանյան կայսրությունում, Ռոդոսթոյում, 1920 թվականի հոկտեմբերի 15-ին: Վերնոյի ընտանիքը գաղթել է Հայոց ցեղասպանությունից հետո, 1924 թվականին, երբ Վերնոյը ընդամենը 4 տարեկան էր։ Նրանք որոշ ժամանակով հաստատվել են Հունաստանում, ապա տեղափոխվել են Մարսել:

Անրի Վերնոյը իր կարիերայի ընթացքում արժանացել է մի շարք պարգևների, ֆրանսիական «Պատվավոր Լեգեոնի շքանշան», Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» 1-ին աստիճանի շքանշան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում արժանացել է «Սերգեյ Փարաջանով» մրցանակի (հետմահու) համաշխարհային կինոյում մեծ ավանդի համար։ Մեկ անգամ առաջադրվել է Օսկարի «Հինգ ոտքերով ոչխար» լավագույն սցենար անվանակարգում։ Այնուամենայնիվ, նրա ամենամեծ մրցանակը հայ և ֆրանսիացի ժողովուրդների սերն է։ «Վերնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է»,- նրա մասին ասել է Ֆրանսիայի 22-րդ նախագահ Ժակ Շիրակը։

Նրա ֆիլմերում նկարահանվել են նշանավոր դերասաններ Ֆեռնանդելը, Ժան Գաբենը, Ժան-Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը, Էնթոնի Քուինը, Հենրի Ֆոնդան, Իվ Մոնտանը և ուրիշներ։ Վերնոյը ստեղծել է շուրջ 60 լիամետրաժ կինոնկարներ, լավագույններից են՝ «Արգելված պտուղ», «Կառնավալ», «Կովը և զինվորը», «Նախագահը», «Ճակատամարտ Սեն Սեբաստիանում», «Սարսափ քաղաքում», «Հազար միլիարդ դոլար» և այլն։

Վերնոյը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստան» երգի (տեքստը՝ Շառլ Ազնավուրի, երաժշտությունը՝  Ժորժ (Տիրան) Կառվարենցի) տեսահոլովակի ռեժիսորն է։ Հայկական թեմային անդրադարձել է վերջին երկու՝ «Մայրիկ» (ըստ իր «Մայրիկ» վեպի, նաև սցենարի հեղինակն է) և «Պարադի փողոց, տուն 588» (երկուսն էլ՝ 1991 թ.) կինոնկարներում, որտեղ ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը։

Անրի Վերնոյի հիշատակին մի քանի փողոցներ և հրապարակներ են վերանվանվել Հայաստանում և Ֆրանսիայում: Բուկ-Բել-Էրի քաղաքի մուտքի հրապարակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում վերանվանվել է Անրի Վերնոյի (ծնված՝ Աշոտ Մալաքյան) հիշատակին: Նրա անունով հրապարակ է բացվել նաև Ֆրանսիական Մարսելում Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա շրջանակներում:

Երևանի Կենտրոն վարչական շրջանում կա Անրի Վերնոյի փողոց, որի բացմանը ներկա են եղել Վերնոյի ընտանիքի անդամները: Նրա անունով փողոցներ կան նաև ֆրանսիական Սաինտ Գալես, Պերպիգոնա և Մարսել քաղաքներում և մեկ կինոթատրոն՝ Լա Վալտե-դո-Վար փոքրիկ քաղաքում։