Իրանը բացառել է ուկրաինական ինքնաթիռի հրթիռային խոցման վարկածը

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավարը պնդում է, որ ոչ մի հրթիռ չի հարվածել Թեհրանի մերձակայքում վթարի ենթարկված ուկրաինական ինքնաթիռին։ Տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ Օտտավան տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ կանադական հատուկ ծառայություններից, տեղեկատվություն է ստացել, որ ինքնաթիռը խոցվել է իրանական հրթիռով՝ ընդգծելով, որ Իրանը մարդատար ինքնաթիռը խոցել է ոչ կանխամտածված: Նման տեսակետ է հայտնել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Նշենք, որ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից հրապարակված նախնական հաշվետվության մեջ նշվել է, որ Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-737 ինքնաթիռը բռնկվել է դեռ մինչև գետնին բախվելը: «Ինքնաթիռը բռնկվել է օդում: Ականատեսների հաղորդումների համաձայն, կրակը տեսանելի էր ինքնաթիռում և տարածվում էր դրա ֆուզելյաժով»,- արձանագրել է կազմակերպությունը: Հաշվետվության մեջ նաև նշվում է, որ «գետնին բախվելուց հետո պայթյուն է որոտացել»:

Նախնական հետաքննության մեջ նշվում է, որ տեխնիկական խնդրի հայտնաբերումից հետո Boeing-737-ը փորձել է վերադառնալ օդանավակայան: Բացի դրանից, հաշվետվության համաձայն, ինքնաթիռի անձնակազմից «ոչ մի հաղորդում չի ստացվել թռիչքի անսովոր հանգամանքների վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո: Ավիավթարի հետևանքով զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։ Զոհերի մեծ մասը Կանադայի և Իրանի քաղաքացիներ են: