Կահիրեի համաժողովում դատապարտել են Թուրքիայի միջամտությունը Լիբիայի հարցին

Հունվարի 8-ին Կահիրեում Լիբիայի հարցով հանդիպում է տեղի ունեցել Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի և Իտալիայի արտգործնախարարների միջև:

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, հանդիպման ավարտին արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ստորագրվել է նաև համատեղ հայտարարություն: Թուրքական աղբյուրի պնդմամբ` մամուլի ասուլիսին և հայտարարության ստորագրությանը չի մասնակցել Իտալիայի արտգործնախարարը, քանի որ նախօրեին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Թուրքական մի շարք աղբյուրներ գրել են, որ 5 երկրների արտգործնախարարների նշյալ հանդիպումը հակաթուրքական բնույթ է կրել:

Եգիպտոսի արտգործնախարար Սեմիհ Շյուքրին ասել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Լիբիայի ծայրահեղականներին՝ հավելելով, որ պետք է ջանքեր գործադրել միջազգային հանրության շրջանում Լիբիայի հարցում միասնական գաղափար ձևավորելու ուղղությամբ:

Նրա խոսքով` միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի կողմից Լիբիայի ծայրահեղական խմբավորումներին տրամադրվող աջակցությունը:

Ֆրանսիայի արտգործնախարարն էլ նշել է, որ Լիբիայի հարցում Թուրքիայի ներգրավվածությունը վերջինիս համար առիթ է Արևելյան Միջերկրածովում գազի որոնումները խորացնելու համար:

Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսն էլ ընդգծել է, որ Լիբիայի հարցում Թուրքիայի միջամտությունն սպառնում է տարածաշրջանի կայունությանը:

Իսկ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն ընդգծել է, որ Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջի միջև համաձայնությունները վտանգում են խաղաղությունն ու անվտանգությունը Միջերկրական ծովում: