Իրանը հրապարակել է ուկրաինական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը
Թեհրանում երեկ առավոտյան կործանված ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռը հրդեհվել է նախքան գետնին բախվելը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Իրանի քաղավիացիայի կազմակերպության զեկույցին:
«Ինքնաթիռը հրդեհվել է օդում: Ականատեսների վկայությամբ` կրակը տեսանելի էր ինքնաթիեռում, որն սկսել է տարածվել ամբողջ մակերեսով»,- նշված է փաստաթղթում:
Քաղավիացիայի կազմակերպության տվյալներով՝ ինքնաթիռի թռիչքի ուղին ցույց է տալիս, որ անսարքությունից հետո անձնակազմը այն հետ է թեքել դեպի օդանավակայան։
Միևնույն ժամանակ, օդաչուներն անսարքության մասին չեն հայտնել:
Հիշեցնենք, որ դեպի Կիև թռչող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի Boeing 737-800 ինքնաթիռը կործանվել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո:
176 մարդ զոհվել է: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է դարձել շարժիչի անսարքությունը: