Առողջապահության նախարարության աշխատանքային խումբը մեկնել է Մարալիկ` հանդիպելու բուժանձնակազմին

Առողջապահության նախարարության աշխատանքային խումբը մեկնել է Մարալիկ` հանդիպելու բուժանձնակազմին: Այս մասին գրված է Առողջապահության նախարարութան ֆեյսբուքյան էջում։

«Առողջապահության նախարարությունը հետևում է Մարալիկում ծավալվող իրադարձություններին, որտեղ ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը:

Ուզում ենք տեղեկացնել, որ առողջապահության նախարարության աշխատանքային խումբը մեկնել է Մարալիկ` հանդիպելու բուժանձնակազմին»,- գրված է էջում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարալիկ համայնքի բնակիչները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը։ Պատճառը Մարալիկի ծննդատան փակումն է։

Այդ առիթով Առողջապահության նախարարությունը պարզաբանում էր տարածել, որւոմ մասնավորապես գրված է․

«Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման շուրջ վերջին օրերին լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

Համաձայն Առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 1941- Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։

Սահմանված թիվը պատահական չէ, քանի որ ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունն արդարացված չէ ծախս-արդյունավետության և, թե ինչն առավել կարևոր է՝ մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։

Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018 թվականին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել և հասել է 105-ի:

Բացի դրանից, ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչն ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում ծննդկանի և նորածնի համար, քանի որ ցանկացած ծննդաբերություն՝ նույնիսկ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն։

Հաշվի առնելով նշվածը՝ բնակչի համար շատ ավելի անվտանգ է ի սկզբանե դիմել կամ շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել շուրջօրյա հերթապահություն իրականացնող, մասնագիտական ներուժ և սարքավորումային բարձր կարողություն ունեցող մոտակա բուժհաստատություն, ինչը կնպաստի մայրական և նորածնային մահացության նվազեցմանն ուղղված առողջապահության նախարարության քաղաքականությանը։

Հավելենք նաև, որ սա վերաբերում է բոլոր այն ծննդատներին, որոնք չեն բավարարել այս պահանջները, բացառությամբ որոշների՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով»,- գրված է պարզաբանման մեջ։