Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքում ամերիկյան օբյեկտներին

Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը հրթիռակոծվել է, հաղորդել է Press TV-ն:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

«ԻՀՊԿ-ը հաստատում է Իրաքում «Այն ալ-Ասադ» ամերիկյան ավիաբազայի հրթիռակոծումը»,- հայտնել է հեռուստաալիքը՝ ընդգծելով, որ դա վրեժ է՝ ԱՄՆ  զինվորականների կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Իրանական Tasnim գործակալության հաղորդմամբ, «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է 35 հրթիռ: Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրը հայտնել է, որ բազային ավելի քան 9 հարված է հասցվել:

ԱՄՆ-ի զինվորականներն «Այն ալ-Ասադ» ռազմաբազայում հարվածի հետևանքով չեն տուժել, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

ԱՄՆ պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ Իրանն Իրաքում ամերիկյան ռազմակայանները հրթիռակոծել է բալիստիկ հրթիռներով:

«Հունվարի 8-ին՝ ժամը 5:30-ի սահմաններում, Իրանն ավելի քան մեկ տասնյակ բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-ի ռազմաբազաների և Իրաքում կոալիցիայի դեմ: Ակնհայտ է, որ այդ հրթիռներն արձակվել են Իրանից, և դրանց նպատակն է եղել առնվազն երկու իրաքյան ռազմակայանի վրա հրթիռային հարձակում իրականացնելը, որտեղ տեղակայված են ԱՄՆ զինված ուժերի և կոալիցիայի անձնակազմը: Մենք աշխատում ենք վնասի նախնական գնահատման ուղղությամբ»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ ԶՈՒ-ն բարձր մարտունակության է բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: