Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ Իրաքում ԱՄՆ-ի երկու ավիաբազաների վրա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հարձակման պատճառով:

Այս մասին գրել է  Reuters գործակալությունը։

Սպիտակ տուն են ժամանել Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հանդիպման ավարտից հետո Սպիտակ տան ղեկավարը հայտարարություններ չի արել, միայն Twitter-ում նշել է, որ ամեն ինչ կարգին է:

«Ամեն ինչ կարգին է: Հրթիռներն արձակվել են Իրանից` Իրաքում գտնվող երկու ռազմաբազաների ուղղությամբ: Այժմ գնահատվում է տուժածների թիվն ու վնասի չափը: Դեռևս ամեն ինչ կարգին է: Մենք ունենք մինչ օրս ամենահզոր և ամենահագեցած ռազմաբազան։ Ես հայտարարությամբ հանդես կգամ վաղն առավոտյան»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել ենք, այսօր առավոտյան Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ստանձնել է Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

Իրանական Tasnim գործակալության հաղորդմամբ՝ «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է 35 հրթիռ: Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրը հայտնել է, որ բազային 9 հարված է հասցվել: