Հանդիպում Սամբոյի Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնության արցախցի չեմպիոնների եւ մրցանակակիրների հետ

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել Սամբոյի Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնության արցախցի չեմպիոնների և մրցանակակիրների հետ:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է ներկաներին և ընդգծել, որ Արցախի մարզիկների ու մարզիչների գրանցած հաջողությունները նշանակալի իրադարձություն են մեր հանրապետության սպորտային կյանքում:

«Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ Արցախն արդեն իսկ դարձել է սպորտային երկիր և արժանի ձևով է ներկայանում միջազգային հարթակներում ամենատարբեր մարզաձևերում,- իր ելույթում ասել է Բակո Սահակյանը:- Սա միաժամանակ և՛ ոգևորիչ է, և՛ պարտավորեցնող: Ոգևորիչ, որովհետև յուրաքանչյուր հաղթանակ հզոր լիցք է հաղորդում մարզիկներին, մարզիչներին, հասարակությանը: Պարտավորեցնող, որովհետև յուրաքանչյուր հաղթանակից հետո անհրաժեշտ է ոչ միայն նվաճած բարձունքները պահպանել, այլ նաև դրանք զարգացնել ու ավելացնել»։

Երկրի ղեկավարը շեշտել է, որ պետությունը կշարունակի հատուկ ուշադրության կենտրոնում պահել մեր երկրում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման հարցերը: