Արտակ Բեգլարյանն ամփոփել է ՄԻՊ գրասենյակի անցած տարվա աշխատանքները

2018 թ. Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ է ներկայացվել 138 դիմում 159 անձանց կողմից, որոնցից 78-ը՝ գրավոր, իսկ 60-ը՝ բանավոր:

«Արցախպրես»-ի հաղորդման համաձայն, այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության աշխատակիցները Պաշտպանի հանձնարարությամբ պարբերաբար այցելել են փակ հիմնարկներ, այդ թվում՝ դրանց հարակից շինություններ կամ կառույցներ՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու նպատակով: Այցերի ընթացքում աշխատակազմի աշխատակիցները խորհրդապահական (կոնֆիդենցիալ) կարգով տեսակցել և առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց հետ, լսել նրանց հուզող հարցերը, տվել անհրաժեշտ խորհրդատվություն, վերցրել և քննարկել նրանց կողմից ներկայացրած գրավոր դիմում-բողոքները:

«Կարևորելով մարդու իրավունքների կրթությունը և հանրային իրազեկումը հատկապես երիտասարդ սերնդի շրջանում, աշխատակազմը կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ լուսանկարների/տեսանյութերի մրցույթ, շրջանային հանդիպումներ, զրույցներ տարբեր ճամբարների մասնակիցների հետ,- նշել է Ա. Բեգլարյանը:- Հաշվետու ժամանակահատվածում մենք շարունակել ենք սերտ համագործակցությունը քաղաքացիական հասարակության սուբյեկտների հետ՝ շեշտադրելով մարդու իրավունքների իրազեկման, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտային խնդիրները վերհանելու և դրանց համատեղ ջանքերով լուծում տալու ուղղությունները»:

Ա. Բեգլարյանի խոսքով՝ այս ընթացքում շարունակվել է սերտ փոխգործակցությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ ինչպես դիմումների քննարկման շրջանակներում, այնպես էլ փորձի փոխանակման ձևաչափով: Սերտ համագործակցություն է իրականացվել Ամերիկայի հայ իրավաբանական միության, ԱՄՆ և Եվրոպայի Հայ դատի գրասենյակների, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հետ: Հաշվետու ժամանակահատվածում Պաշտպանը պարբերաբար հանդիպումներ է ունեցել այլ երկրներից Արցախ ժամանած տարբեր միջազգային պատվիրակությունների հետ՝ ներկայացնելով իր գլխավորած հաստատության գործունեությունը և մարդու իրավունքների վիճակն Արցախում, ինչպես նաև պատվիրակությունների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր:

«Առաջիկայում շարունակական է լինելու Ադրբեջանի կողմից տարվող հայատյացության քաղաքականությունը մշտադիտարկման ենթարկելու և արձանագրված փաստերը միջազգայնացնելու պրակտիկան,- ընդգծել է ԱՀ ՄԻՊ-ը:- Այս առումով շարունակում է խնդրահարույց մնալ միջազգային իրավապաշտպան հանրության բացակայությունն Արցախում, և մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել այդ խնդրի լուծման ուղղությամբ»:

Մամուլի ասուլիսին Ա. Բեգլարյանը պատասխանել է լրագրողների hարցերին: