Կառավարությունը 133 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կտրամադրի Լևոն Արոնյանին

2019 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի Լևոն Արոնյանը։ Դրա համար նրան անհրաժեշտ է լրջորեն նախապատրաստվել, բայց, պարզվում է Արոնյանը զրկված է համապատասխան պայմաններից։

Այս մասին նշված է կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման մեջ։

«Բարձր մակարդակի շախմատը վերջին 10 տարիների ընթացքում սերտորեն կապվել է բարձր տեխնոլոգիաների հետ, քանի որ ռեպերտուարի ուսումնասիրությունը և ընդլայնումն ուղիղ կապ ունի բազմամիջուկային համակարգիչների հետ,- նշված է որոշման նախագծում։- Հարկ է նշել, որ Լևոն Արոնյանի համակարգիչը ձեռք է բերվել 2011 և 2013 թվականներին, և արդեն հնացել է՝ հետ ընկնելով մրցակիցների կողմից օգտագործվող համակարգիչներից»:

Այս խնդիրը լուծելու և Արոնյանին մրցմանը նախապատրաստվելու համար նոր համակարգչով ապահովելու համար ՀՀ կառավարությունն այսօր որոշեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 133 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Այդ գումարը որպես նվիրատվություն կփոխանցվի «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ կազմակերպչական բոլոր հարցերը լուծելու համար։

«Թեև պայքարը շատ թեժ և ծանր է լինելու, Լևոն Արոնյանը առաջատարների ցանկում է և մեծ շանսեր ունի նվաճելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հետ բերելով չեմպիոնի կոչումը Հայաստանի Հանրապետություն»,– գրված է ՀՀ կառավարության որոշման նախագծում։

Որոշումն ընդունվեց առանց քննարկման ու զեկուցման։