«Ցեղասպանությունը ոտնձգություն է ոչ թե հայ ժողովրդի, այլ ողջ մարդկության դեմ». Վլադիմիր Վարդանյան

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանն ապրիլի 22-ին հանդիպել են Գերմանիայի «Ընդդեմ ցեղասպանության միություն» կազմակերպության անդամների հետ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը։

Ողջունելով հյուրերին խորհրդարանում, Վլադիմիր Վարդանյանը կարևորել է կազմակերպության ջանքերը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Ըստ մշտական հանձնաժողովի նախագահի, ցեղասպանության հիմքում ընկած է մարդատյացությունը, ինչի դեմ նա կարևոր է համարել ամենօրյա պայքար ծավալելը:

«1930-1940 թվականներին Գերմանիան զարգացած, քաղաքակիրթ երկիր էր, սակայն մարդատյացության քարոզի հետևանքով տեղի ունեցավ Հոլոքոստը»,- ասել է պատգամավորը:

Բանախոսը նշել է, որ ցեղասպանության ճանաչումը և անցյալի հետ առերեսվելը թուրք ժողովրդի համար կարևոր գրավական է կառուցելու արդար ու ժողովրդավարական պետություն: Նրա խոսքով` 21-րդ դարում հնարավոր չէ ապրել հանգիստ խղճով` չառերեսվելով սեփական պատմության հետ:

«Ընդդեմ ցեղասպանության միություն» կազմակերպության նախագահ Ալի Էրթեմը նշել է, որ իրենց կառույցը պայքարում է արդարության վերականգնման համար:

«20 տարի շարունակ մենք պայքարում ենք, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը,- ասել է նա։- Այդ հարցը փորձում ենք պահել Թուրքիայի օրակարգում»:

Կազմակերպության նախագահի խոսքով` իրենք պայքարում են նաև Փոքր Ասիայի տարածքում ցեղասպանության ենթարկված պոնտոսի հույների, ասորիների, եզդիների և այլ ժողովուրդների արդար դատի վերականգնման համար: Թուրք իրավապաշտպանը հավաստիացրել է, որ իրենց պայքարը շարունակական է լինելու:

Տաթևիկ Հայրապետյանն իր երախտագիտություն է հայտնել կազմակերպության անդամներին, կարևորել նրանց առաքելությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Նա նաև տեղեկացրել է, որ ուսանողական տարիներին գործակցել են գերմանացի և թուրք ուսանողների հետ ցեղասպանության խնդիրների շուրջ, արդյունքում ստեղծվել է «Մուշ, քաղցր Մուշ» եռալեզու գիրքը:

Հանդիպմանը ներկա են եղել գերմանացի տարբեր տարիքի դպրոցականներ: Կազմակերպության նախագահը նշել է, որ նոր սերունդը պետք է իմանա ողջ ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Ապրիլի 24-ին նրանք այցելելու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցելու ջահերով երթին:

Հանդիպման ավարտին Ալի Էրթեմը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանալեզու գիրք և մեծադիր լուսանկարներ է նվիրել մշտական հանձնաժողովի նախագահին: