Եթե խոսվում է նոր աշխատատեղերի ստեղծման մասին, պետք է հանրայնացվի նաև գործազուրկ դարձածների թիվը (տեսանյութ)

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող Թադևոս Ավետիսյանը, որը նաև ղեկավարում է գրասենյակին կից գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը, մեզ տված հարցազրույցի ընթացքում խոսեց Հայաստանում աշխատողների իրավունքների ոտնահարման դեպքերի, դրանց բնույթի մասին։ LIVEnews.am-ի հյուրը նշեց, որ քաղաքացիներն իրենց աշխատանքային խախտված իրավունքները փորձում են վերականգնել միայն այդ աշխատանքից զրկվելուց հետո, ինչը հիմնականում աշխատանքային իրավունքների մասին նրանց տեղեկացվածության պակասի, աշխատանքից զրկվելու վախի, երկրում առկա գործազրկության բարձր մակարդակի և աշխատատեղերի բացակայության հետևանք է։

Թադևոս Ավետիսյանն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 51 հազար նոր աշխատատեղ ստեղծելու մասին հայտարարությանը՝ ասելով, որ այդ դեպքում պետք է նույնքան նվազեր գործազրկությունը, մինչդեռ գործազրկության ցուցանիշն, ըստ նրա, շարունակում է նույն 20 տոկոսի մակարդակում պահպանվել, ինչ նախորդ տարիներին։ Նրա դիտարկմամբ, եթե վարչապետը խոսում է նոր աշխատատեղերի մասին, ապա պետք է նաև ներկայացնի անցած մեկ տարվա ընթացքում գործազուրկ դարձածների վիճակագրական տվյալները, իսկ նախորդ տարվա ընթացքում, հիշյալ գրասենյակի համակարգողի հավաստմամբ, փակվել և լուծարվել են ընկերություններ, որոնց աշխատակիցները մինչև օրս այլ աշխատանք չեն գտել։

Խոսելով աշխատանքային իրավունքների պետական պաշտպանության մասին, մեր զրուցակիցն ասաց, որ նոր կառավարությունը որևէ ձևով չի անդրադառնում Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների նախագծին, որը մշակվել էր դեռ նախորդ իշխանությունների ժամանակ, և որում առկա շատ դրույթներ նախատեսված են ոլորտում եղած մի շարք խնդիրների լուծման, աշխատողների աշխատանքային պայմանները լավացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում