ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության առաջին պարբերական զեկույցը

Ապրիլի 18-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների իրականացման վերաբերյալ Արցախի Հանրապետության (ԱՀ) առաջին պարբերական զեկույցը:

Զեկույցը ներառում է 1992-2018 թթ. ընկած ժամանակահատվածում դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ տեղեկատվություն՝ Արցախում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերի և արձանագրված ձեռքբերումների մասին:

ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրին Արցախի Հանրապետությունը միացել է 1992 թ. նոյեմբերի 26-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշման հիման վրա:

Զեկույցը պատրաստվել է ԱՀ արտաքին գործերի նախարարության կողմից՝ այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ, և հաստատվել ԱՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ: