Մի անտեսեք, որ ԱԱԾ-ի կողմից է Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվել է, և նա պատահական մեկը չէ․․․

Ավելին․ մեղադրանքի առաջադրումն ու քրեական գործը վարչապետի խոշորացույցի տակ են

Ի՞նչ եք կարծում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հենց այնպես, առանց համապատասխան հիմքերի, մեղադրա՞նք կառաջադրեր Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին․․․

Նրանց, ովքեր կարծում են, թե ԱԱԾ-ն Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել առանց համապատասխան հիմքերի, սխալմամբ կամ ԱԱԾ ղեկավարության մակարդակով ինչ-որ խնդիր ունենալով նրա հետ, ընդամենը մեկ խորհուրդ կտանք՝ հաշվի առեք, որ խոսքը ԱԱԾ-ի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անմիջականորեն ենթակա և, շատ մարդկանց կարծիքով, Հայաստանի իրավապահ համակարգում ավանդաբար ամենալուրջ մարմնի մասին է, իսկ մեղադրանքն էլ չի առաջադրվել ինչ-որ խեղճուկրակ մեկին, այլ վարչապետին ենթակա մեկ այլ մարմնի՝ Պետական վերահսկողական ծառայության պետին, որը, նշվածից զատ, «թավշյա հեղափոխության» առաջամարտիկներից մեկն է եղել, եթե չենք սխալվում, նաև՝ Հայաստանում ԱՄՆ-ի և Սորոսի հովանավորյալներից մեկը։

Վերը շարադրվածը նշանակում է, որ ԱԱԾ-ն դժվար թե, ինչպես ասում են, առանց հազար անգամ չափուձև անելու, քրեական գործով ձեռք բերված տվյալները ծանրութեթև անելու, մեղադրանք առաջադրեր Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին՝ շատ լավ գիտակցելով, որ հետո տվյալ քրեական գործը և Սանասարյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը լինելու է շատ-շատերի և, առաջին հերթին, ՀՀ վարչապետի խոշորացույցի տակ։ Չէ՞ որ, ի վերջո, քրեական գործը, ինչպես նախատեսվում է, հասնելու է դատարան․․․

«Ես ծանոթացել եմ ԱԱԾ հայտարարությանը եւ կարող եմ միայն նշել, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա կառույց է»,- երեկ «Փաստինֆո»-ին ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու մասին ԱԱԾ հայտարարությունը։

Սրանով, թերևս, ամեն ինչ ասված է, կարծում ենք, Վլադիմիր Կարապետյանն իր այս խոսքով դիվանագիտորեն ակնարկել է, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա կառույց լինելով, ՊՎԾ-ի պետին առանց վարչապետի գիտության չէ, որ մեղադրանք է առաջադրել։ Ի դեպ, այսօր Ազգային ժողովում անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին, ԱԺ-ի նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ասել է՝ «Ես վստահում եմ ԱԱԾ– ին», «Այս պահին քննություն է իրականացվում, և աշխարհում ամենահամառ բանն էլ փաստն է․․․»: Ազգային ժողովի նախագահի տեղակալը բացառել է, որ որևէ պաշտոնյայի, բնականաբար, նաև Դավիթ Սանասարյանի «գլխին, այսպես ասած, կարող է որևէ մեկը գործ սարքել։

Ե՛վ Վլադիմիր Կարապետյանը, և՛ Լենա Նազարյանն իրենց այս խոսքերով, կարծում ենք, սառը ջուր են լցրել սորոսական որոշ «իրավապաշտպանների» ոգևորության վրա, որոնք երեկ ԱԱԾ-ին մեղադրել են Սանասարյանին անհիմն և ապօրինի մեղադրանք առաջադրելու, ՊՎԾ-ի պետի առնչությամբ հրապարակած տեղեկատվությամբ անմեղության կանխավարկածը խախտելու մեջ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԱԾ-ն երեկ հանդես է եկել ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ հաղորդագրությամբ․

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկացմամբ, հաշվի առնելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019թ․ փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով»:

Ինչպես արդեն հայտնի է, Դավիթ Սանասարյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, հետևաբար մնում է սպասել նախաքննության, դատաքննության ավարտին (չենք կարծում, թե քր․ գործն ընթացքում կարճվի կամ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի), իսկ վերջնական խոսք ասելու համար՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռին։

Այնուհանդերձ, ուշադրություն դարձնենք, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ խոսք կա նաև մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի մասին, իսկ փաստաթղթերի կեղծման մասին ԱԱԾ-ն չէր հայտնի, եթե նախապես չունենար համապատասխան փորձաքննության կամ փորձագետի համապատասխան եզրակացությունը։

Տեղեկացնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասով նախատեսված արարքը՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը բավարարել է ԱԱԾ քննիչի երեկվա որոշումը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։ Aysor.am-ի տեղեկացմամբ, վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հայտնել է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանի 2019 թվականի ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը»։

Դա հասկանալի է, անմեղության կանխավարկածը հարգելով, սխալ կլիներ ՊՎԾ-ի պետին պաշտոնանկ անելը, սակայն, այդուհանդերձ, անհասկանալի է մնում Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ոչ թե կալանք, այլ չհեռանալու մասին ստորագրություն կիրառելը։ Ազատության մեջ մնալով, նա չի՞ կարող իրեն ձեռնտու կերպով ազդել վկաների, քր․ գործին առնչվող այլ անձանց ցուցմունքների կամ նախաքննության վրա, ո՞րն է դրա երաշխիքը, ո՞վ է տվել այն․․․ Այստեղ գուցե ասվի, որ ԱԱԾ քննիչի կողմից Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու որոշում է կայացվել, և այդ որոշումը բավարարվել է վարչապետի կողմից։ Սակայն, մի՞ թե դա բավարար է․․․ Նա շարունակում է հանդիսանալ Հայաստանում բավական ազդեցիկ կառույցի պետը, թեկուզ ժամանակավոր դադարեցված պաշտոնավարությամբ։

 

Արթուր Հովհաննիսյան