Եվրովերելակ ՍՊ-ի տնօրենը յուրացրել է վերելակների վերանորոգման գումարները (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Սյունիքի մարզային վարչությունների և Կապանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2012թ․ Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի և Եվրովերելակ ՍՊ-ի միջև կնքված պայմանագրով նշված ՍՊԸ-ն պետք է իրականացներ Կապանի բազմաբնակարան շենքերի 28 վերելակների կապիտալ վերանորոգում, սակայն աշխատանքներն իրականացվել են թերի, իսկ գումարները յուրացվել են:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ըստ նախնական տվյալների, պայմանագրով նախատեսված ընդհանուրը 77 774 000 դրամից Եվրովերելակ ՍՊ-ի տնօրենն առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախապես համաձայնության գալով պայմանագրի կնքմանը մասնավոր կարգով աջակցած մի քաղաքացու հետ, փաստացի չի կատարել պայմանագրով նախատեսված ամբողջ ծավալով աշխատանքը և յուրացման եղանակով հափշտակել է շուրջ 37 000 000 դրամ:

Իսկ Կապանի քաղաքային համայնքի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ինչպես նաև իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց օրինական մրցույթ հայտարարելու, ստորագրել են եռակողմ պայմանագիր, ինչից հետո էլ ընդունել են փաստացի ամբողջ ծավալով չկատարված աշխատանքները, ինչն էլ Կապանի քաղաքային համայնքի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի համար առաջացրել է ծանր հետևանքներ:

Հարուցվել է քրեական գործ: Քննությունը շարունակվում է: