Վալենտինա Մատվիենկոն ևս մեկ անգամ կարևորել է Հայաստանում իշխանափոխության իրականացումն առանց բռնության

Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպումներ է ունեցել

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այս մասին տեղեկացել ենք ԱԺ լրատվական ծառայությունից։

Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար, նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն տարիների ընթացքում արդյունավետ հարթակ է հանդիսացել անդամ պետությունների խորհրդարանների երկխոսության համար:

Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների մակարդակը, ինչը հավաստվում է հաճախակի տեղի ունեցող բարձր մակարդակի շփումներով և այցերով:

Ըստ Արարատ Միրզոյանի, հայ-ռուսական հարաբերությունների կարևոր մաս է կազմում խորհրդարանական ձևաչափը: Այս առումով օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ արդեն ձևավորված հայ-ռուսական խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը լավ հարթակ կհանդիսանա երկու պետությունների խորհրդարանականների ակտիվ աշխատանքի համար:

Ողջունելով Արարատ Միրզոյանին ԱՊՀ ՄԽՎ ձևաչափում, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ևս մեկ անգամ կարևորել է Հայաստանում իշխանափոխության իրականացումն առանց բռնության և ժողովրդավարական գործընթացների միջոցով, վերահաստատել Ռուսաստանի Դաշնության հանձնառությունն աջակցելու և զարգացնելու Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները:

Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին՝ Վալենտինա Մատվիենկոն գոհունակությամբ նշել է, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովների շփումներն ու աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են:

Տիկին Մատվիենկոն նաև կոչ է արել նախագահ Միրզոյանին և ԱՊՀ ՄԽՎ-ում հայկական պատվիրակությանն ակտիվորեն օգտագործել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ձևաչափը՝ օրենսդրական բարեփոխումների և երկկողմանի համագործակցության խորացման համար:

Նույն օրը Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ:

Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է տիկին Նազարբաևային Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և հաջողություն մաղթել պատասխանատու պետական գործունեության իրականացման գործում: Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանան նոր լիցք հաղորդել հայ-ղազախական միջխորհրդարանական համագործակցությանը՝ ի շահ երկու պետությունների և բարեկամ ժողովուրդների:

Ազգային ժողովի նախագահը, անդրադառնալով հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների մակարդակին, նշել է, որ երկկողմ ապրանքաշրջանառության աճի դրական դինամիկա է առկա, որի ծավալն անցած 2018 թվականին ավելացել է 2.5 անգամ՝ 2017 թվականի համեմատ: Նա միաժամանակ նշել է, որ առևտրատնտեսական հարաբերությունների ներուժը շատ ավելի մեծ է և անհրաժեշտ է աշխատել դրա լիարժեք օգտագործման ուղղությամբ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Եվրասիական տնտեսական միության կարևոր դերը, որը կարող է դառնալ տնտեսական հարաբերությունների հետագա համակարգման արդյունավետ կառուցակարգ:

Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ միջխորհրդարանական կապերի դինամիկ զարգացումը ևս բարենպաստ հիմք կստեղծի Հայաստանի և Ղազախստանի բազմակողմանի համագործակցության համար: Արարատ Միրզոյանը գործընկերոջը տեղեկացրել է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովում արդեն ձևավորվել է Ղազախստանի խորհրդարանի հետ բարեկամական խումբը, որտեղ ներկայացված են խորհրդարանական բոլոր խմբակցությունները:

Դարիգա Նազարբաևան, շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, նշել է, որ հայ-ղազախական հարաբերություններին բնորոշ է դարավոր բարեկամությունը և արդյունավետ համագործակցությունը:

Սենատի նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Ղազախստանում հայկական համայնքն ակտիվորեն և հաջողությամբ ներգրավված է երկրի տնտեսական, մշակութային ու հանրային կյանքի տարբեր բնագավառներում:

Արձանագրելով Հայաստանի գրանցած հաջողությունները բարձր տեխնոլոգիաների զարգացման և կիրառության ոլորտում, Դարիգա Նազարբաևան առաջարկել է ակտիվացնել համագործակցությունն այս ոլորտում և որոշակի գործողություններ ձեռնարկել ղազախ գործընկերների հետ հայկական փորձի փոխանակման համար:

Տիկին Նազարբաևան նաև ներկայացրել է, որ իր երկրում ներկայումս իշխանության անցումային պատմական ժամանակաշրջան է, ինչպես նաև հույս է հայտնել, որ այս տարվա հունիսին իր երկրում նախատեսված ընտրությունները կլինեն ժողովրդավարական, ազատ, անկախ և թափանցիկ:

Արարատ Միրզոյանն իր հերթին վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը ղազախ գործընկերների հետ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտի փորձի փոխանակման ուղղությամբ: