Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ Սիրիայի Ազգային տոնի առթիվ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ:

Համոզված եմ, որ բազմադարյա պատմություն ունեցող հայ-սիրիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:

Լիահույս եմ, որ Սիրիան, հաղթահարելով ճգնաժամի դժվարությունները, շուտով կթևակոխի վերականգնման և ծաղկման շրջան:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և կայունություն»: