«Ղազախստանը շահագրգռված է խորացնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ». ՀՀ-ում Ղազախստանի դեսպան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն ապրիլի 16-ին հանդիպել են ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի և Ղազախստանի «Նուր Օթան» կուսակցության միջազգային հարաբերությունների հարցերով վարչության պետի տեղակալ Ալիա Սախարիևայի հետ:

ԱԺ-ի լրատվական ծառայության տեղեկացմամբ, դեսպանը բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա հարաբերությունները, վստահեցրել է, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:

Ղազախստանի խորհրդարանում մեծամասնություն կազմող «Նուր Օթան» կուսակցության ներկայացուցիչն առաջարկել է առավել ակտիվացնել համագործակցությունն «Իմ քայլը» կուսակցության հետ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իր պատրաստակամությունն է հայտնել երկու կուսակցությունների միջև փոխադարձ կապերի ընդլայնման գործում: Լիլիթ Մակունցն անդրադարձել է միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների համագործակցված աշխատանքներին՝ կարևորելով երկկողմ հետաքրքրություն ունեցող խնդիրներում միմյանց աջակցությունը:

Վաղարշակ Հակոբյանն առաջարկել է համագործակցել խորհրդարանական բազմակողմ ձևաչափերում: Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի այցը Ղազախստան:

Անդրադառնալով երկկողմ համագործակցության բազմոլորտ օրակարգին, զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական կապերի ընդլայնումը` փաստելով, որ առկա է հայ-ղազախական համագործակցության խորացման դեռևս չիրացված մեծ ներուժ: