«Տուրեցկու երգչախումբը» Երևանում երկու համերգ կունենա

Ռուսաստանյան լեգենդար «Տուրեցկու երգչախումբը» («Хор Турецкого») Երևանում կներկայանա երկու ինքնատիպ համերգով: Այս մասին տեղեկացրել են համերգների կազմակերպիչները՝ «Prime Production» և «SolArt» ընկերությունները:

Ամբողջ աշխարհում ճանաչված երաժշտախումբը մայիսի 27-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում և մայիսի 28-֊ին, ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում կներկայացնի ինքնատիպ համերգային ծրագիր: «The best» խորագրի ներքո կհնչեն «Տուրեցկու երգչախմբի» երկացանկի լավագույն ստեղծագործությունները:

Ի դեպ, նշենք, որ կոլեկտիվը սկզբում Երևանում պետք է հանդես գար միայն մեկ համերգով, սակայն հաշվի առնելով մեծ պահանջարկն ու հետաքրքրությունը, որոշվեց ևս մեկ համերգ ավելացնել:

«Տուրեցկու երգչախումբը» երաժշտական կոլեկտիվ է, որը բաղկացած է տասը մենակատարներից: Երգչախումբը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Միխայիլ Տուրեցկին: Երաժիշտների երգացանկում ընդգրկված են տասից ավելի լեզուներով երգեր։ Երգչախմբի այցեքարտն այն է, որ խմբի անդամները կարողանում են իրենց կենդանի կատարմամբ փոխարինել երաժշտական գործիքներին: «Տուրեցկու երգչախումբ»-ը կատարում է տարբեր ազգությունների, դարաշրջանների, ժանրերի ստեղծագործություններ, ինչն էլ հնարավորություն է տալիս, որ յուրաքանչյուր ոք գտնի «իր» երգը:

Երգչախումբը մեր երկրում վերջին անգամ եղել է 7 տարի առաջ՝ 2012 թվականին: