Ռուսական սուզանավը ՆԱՏՕ-ին հասկացրել է, որ հանկարծ չշփոթվեն Ռուսաստանի հարցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն Սև ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի զորավարժությունների մեկնարկից հետո (դրանք այս տարվա ընթացքում արդեն երկրորդն են) ՆԱՏՕ-ին զգուշացրել է, որ Մոսկվան ունի դաշինքին դիմակայելու բոլոր անհրաժեշտ հնարավորությունները: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Նշելով, որ Մոսկվան ուշադրությամբ վերահսկում է Սև ծովում ՆԱՏՕ-ի գործունեությունը, Ալեքսանդր Գրուշկոն ասել է, որ «Սև Ծովում ՆԱՏՕ-ի քայլերը կխախտեն տարածաշրջանի կայունությունը», ապա հավելել․ «Սև ծովի անվտանգությունը պետք է ապահովեն ափամերձ երկրները»:

Փոխնախարարի հավաստմամբ, Մոսկվան դաշինքի գործողություններին կպատասխանի «համապատասխան ձևով»։ Ի դեպ, այս ընթացքում Սև ծովում գտնվող ռուսական «Դոնի Ռոստով» սուզանավից արձակվել են բարձր ճշգրտության «Կալիբր» թևավոր հրթիռներ, որոնք բոլորն էլ խոցել են նախանշված ծովային ու ցամաքային թիրախները։ Դրանով ՆԱՏՕ-ին հասկացվել է, որ հանկարծ չշփոթվեն Ռուսաստանի հարցում։

Ինչպես արդեն հայտնի է, ապրիլի 8-ին Սև ծովի հարավ-արևմտյան մասում մեկնարկել էին ՆԱՏՕ-ի «Ծովային վահան-2019» զորավարժությունները, որին մասնակցում էին ամերիկացի, բուլղարացի, հույն, կանադացի, հոլանդացի, ռումինացի և թուրք զինվորականներ: Զորավարժությունները ընթանում էին Վրաստանի և Ուկրաինայի ծովային ուժերի համագործակցությամբ:

Ապրիլի 13-ին ՆԱՏՕ-ի «Ծովային վահան-2019» զորավարժություններն ավարտվել են, դաշինքը հայտարարել է, որ իր նավերը պատրաստվում են հեռանալ Սև ծովից, սակայն հոխորտացել է իր ուժերը նորից վերադարձնելու մասին։