ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի հետ անցկացվել են մասնագիտական քննարկումներ

Ապրիլի 8-12-ը աշխատանքային այցով Հայաստանում էր ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» և Բարեվարքության հարցերով միացյալ խորհրդատվական խումբը:

ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, այցի նպատակն էր ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Պետական-իրավական պատրաստություն», «Զինվորական առաջնորդություն», «Բարոյագիտություն» առարկաների ուսումնական ծրագրերի կատարելագործման և Բարեվարքության ու լավ կառավարում դասընթացի ներառման շուրջ մասնագիտական քննարկումների անցկացումը:

Ապրիլի 9-10-ը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար անցկացվել է բարեվարքության ամրապնդման հարցերով միջազգային համաժողով: Միջոցառման բացման արարողության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը կարևորել է բարեվարքության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ համագործակցությունը: Համաժողովին զեկույցներով հանդես են եկել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Գերմանիայի, Ռումինիայի, Վրաստանի և Բոսնիա Հերցեգովինայի բարեվարքության ոլորտի առաջատար փորձագետները:

Ապրիլի  11-12-ը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում անցկացվել են ՆԱՏՕ-ի փորձագետների և ՀՀ ԶՈՒ կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացը համապարփակ լուծելու նպատակով ստեղծված ՊՆ աշխատանքային խմբի քննարկումները: Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացի շրջանակներում իրականացրած աշխատանքները, մասնավորապես՝ ռազմաուսումնական հաստատությունների համապատասխան առարկաների ուսումնական ծրագրերում բարեվարքության և լավ կառավարման վերաբերյալ թեմատիկ նյութերի ներդրման, ինչպես նաև գործընթացի ճանապարհային քարտեզի նախագծերը:

Այցի արդյունքներով կողմերը համաձայնեցրել են ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների հետ խորհրդատվական խմբի համագործակցության հետագա ծրագրերը և ուղենիշները: