«Անվճար» սերիալները կարող են վարակել անուշադիր օգտատերերի սարքերը

«Կասպերսկի լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացված է աշխարհում տոռենտներից սերիալների ներբեռնման հետևանքով վնասաբեր ծրագրերով սարքերի վարակման մասին վիճակագրությունը և նման վարակներից պաշտպանվելու եղանակները։ Կիբեռհանցագործները վերջին ժամանակներս ավելի հաճախ են օգտագործում աշխարհում և Հայաստանում սիրված սերիալներն այն օգտատերերի սարքերը վարակելու համար, որոնք նախընտրում են դրանք անվճար ներբեռնել տոռենտներից։ Ելնելով IMDB-ում և Rotten Tomatoes-ում ունեցած վարկանիշից, «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ընտրել է 31 սերիալ, որպեսզի պարզի, թե ինչ վնասաբեր ծրագրերի են բախվել դրանց հետ գործ ունեցած օգտատերերը։

Խարդախների ամենասիրած սերիալը «Գահերի խաղն»  է (Game of Thrones), և դրա հետ կապված և օգտատերերին գրոհած վնասաբեր ծրագրերը 9986-ն են։ Այդ վնասաբեր ծրագերը փորձել են օգտատերերին վարակել 120 000 անգամ։ Եվ դա միայն 2018 թվականին։ Վիճակագրությունը վերաբերում է միայն ընկերության պաշտպանական լուծումների օգտատերերին, այսինքն՝ աշխարհում գրոհների թիվը շատ ավելի մեծ է։ Գրոհի ենթարկած օգտատերերի և գրոհների քանակով երկրորդը «Քայլող մեռելներ» (The Walking Dead) սերիալն է։ Գրոհի ենթարկած օգտատերերի թվով երրորդը Arrow-ն, որն այդ ցուցանիշով հետ է մեկ երրորդով։

Սերիաների քողի տակ ավելի հաճախ տարածվում են լիարժեք վնասաբեր ծրագրեր՝ հատկապես, տրոյական։ Ըստ վիճակագրության, ամենից հաճախ հանդիպում է WinLNK տրոյացին, որը կարողանում է ներբեռնել այլ վնասաբեր ծրագրեր։ Օգտատերը, մեծ հավանականությամբ, կարող է նաև դառնալ, այսպես կոչված, not-a-virus-ի երկու տիպերից մեկի՝ կամ գովազդային հավելվածների (Adware),  կամ էլ՝ ամեն տեսակ հավելյալ ծրագրերի ներբեռնիչի (Downloader) երջանիկ տերը։ Ոչ մեկը, ոչ էլ մյուսը օգտատիրոջն առանձնապես մեծ ուրախություն չեն պարգևում, քանի որ առաջինը գովազդ է խցկելու ամենուրեք, որտեղ հնարավոր է, իսկ ներբեռնիչները, մեծ հավանականությամբ, պարզապես կլինեն միջանկյալ քայլ, քանի որ դրանք, հավանական է, կներբեռնեն նույն գովազդային ծրագրերը կամ ավելի վնասակար մի բան։

Այս ապրիլ-մայիսը թեժ շրջան է լինելու սերիալների համար. սկզբում էկրաններին կբարձրանա «Գահերի խաղի» վերջին սեզոնը, այնուհետև՝ ժողովրդականություն վայելող «Վայրի Արևմուտքի աշխարհի» երրորդ սեզոնը, ու այդպես շարունակ։ Այսինքն՝ շատերն այս գարնանը կներբեռնեն և կդիտեն սերիալներ, և չարագործները, ամենից հավանական է, կկրկնապատկեն կամ կեռապատկեն հանրության կողմից սիրված հեռուստաշոուների քողի տակ վնասաբեր ծրագրերի տարածման ջանքերը։

Տոռենտների օգտագործման ժամանակ սարքը չվարակելու համար օգտատերը պետք է ուշադիր լինի ֆայլի չափի նկատմամբ։ Կարգին որակի սերիան երբեք չի կարող «կշռել» մի քանի գիգաբայթից պակաս։ Հարկ է չվստահել տարբեր տեսակի ներբեռնիչներին, LNK ընդլայնում ունեցող ֆայլ-հղումներին և տեսանյութերի ներբեռնման այլ միջանկյալ օղակներին։ Տեսաֆայլը երբեք չի ունենում EXE կամ MSI ընդլայնում։ Ինչ-որ բան ներբեռնելուց կամ դիտելուց առաջ օգտատիրոջը հարկ է ստուգել, թե արդյոք հենց պահանջված կայքում է հայտնվել. URL-հասցեում երբեք չպետք է լինեն տառասխալներ։ Խարդախները շատ են սիրում ստեղծել կայքերի վնասաբեր կրկնօրինակներ, որոնց հասցեն բնօրինակից տարբերվում է մեկ-երկու տառով։ Հարկ է օգտագործել հուսալի հակավիրուս, օրինակ, անվճար Kaspersky Free. Սերիալների և դրանց հետ կապված վնասաբեր ծրագրերի մասին մանրամասն հետազոտությունը կարելի է կարդալ Securelist-ում։