Գոնսալո Ռուբալկաբան՝ «դարի լավագույն դաշնակահարը», ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում

«Գրեմմիի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, աշխարհահռչակ Էրիկ Հարլենդն ու Մեթյու Բրուերը համատեղ համերգով հանդես կգան Ա. Խաչատրյան համերգասրահում՝ ապրիլի 30-ին, ժամը 19:00-ին: Ներկայացնում են Ջազի հայկական ասոցիացիան և Մեցո Պրոդաքշնը։

«​Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան համարվում է ջազի ամենակարկառուն դեմքերից: Ծնվելով երաժիշտների ընտանիքում, ապագա դաշնակահարը և երգահանը երաժշտական ասպարեզում իր առաջին քայլերն սկսել է վեց տարեկանից` նվագելով հարվածային գործիքներ:

Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ռուբալկաբան համագործակցել է այնպիսի ջազմենների հետ, ինչպիսիք են Դիզզի Գիլեսպին, Չուչո Վալդեսը, Չարլի Հեյդենը և այլք: Ջազի կնքահայր Հերբի Հենկոքը նրան անվանել է դարի լավագույն դաշնակահար: Ռուբալկաբան, ընդհանուր առմամբ, թողարկել է մոտ 25 ձայնասկավառակ, որոնցից երկուսը` «Nocturne»-ը (2001թ.) և «Land of the sun»-ը (2004թ.), արժանացել են ​«​Գրեմմի» մրցանակի:

«Գրեմմիի» դափնեկիր Էրիկ Հարլենդը հանրահայտ «Zildjian» բրենդի ներկայացուցիչ է, նվագակցել է համաշխարհային մի շարք արտիստների։ Համարվում է 21-րդ դարի ամենապահանջված թմբկահարներից մեկը, և մինչ այս` ներկայացվել է ավելի քան 260 ձայնագրություններում։

Մեթյու Բրուերը դեռ վաղ տարիքից «շրջապատված» է եղել երաժշտությամբ․ նրա հայրն ու պապը երաժշտարվեստի ներկայացուցիչներ էին։ Մեթյու Բրուերը համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝ Գրեգ Օսբին, Գոնսալո Ռուբալկաբան, Լի Կոնիցը, Դավիթ Սանչեսը և այլք։