Պարզագույն դատողություններ Ուկրաինայի նախագահական ընտրությունների շուրջ

Տարիներ շարունակ բոլոր կարգի փորձագետները նշում են, որ Ուկրաինայի վարչակարգը և, ընդհանրապես, երկրում առկա քաղաքական գործընթացները կառավարվում, ղեկավարվում, առաջնորդվում են ամերիկյան իշխանության կողմից, ինչն, իրոք, ակնհայտ է:

Սակայն, նախագահական ընտրությունների պարագայում, չգիտես ինչու, այդ մասին մոռացվում է, և դատողություններ են արվում այն տրամաբանության մեջ, թե այս կամ այն թեկնածուն ղեկավարվում է այս կամ այն օլիգարխի կողմից, քարոզարշավի ընացքում թույլ է տալիս այս կամ այն սխալը և այլն: Սակայն եթե Ուկրաինա պետության ամբողջ ղեկավարումն իրականացվում է ամերիկյան շահերի տեսանկյունից, ապա նույնքան ակնհայտ է, որ երկրի համար այնպիսի կարևորագույն գործընթաց, ինչպիսին նախագահական ընտրություններն են, նույնպես պետք է ընթանա ամերիկյան հսկողության ու կառավարման տակ:

Միացյալ Նահանգները Ուկրաինա հասկացությունն ու տարածքը միաժամանակ դիտարկում է որպես. Ա) անջրպետ Ռուսաստանի և Եվրոպայի միջև՝ կասեցնելով ռուսական ներթափանցումը դեպի Եվրոպա և սահմանափակելով վերջինիս հետ տնտեսական-քաղաքական հարաբերությունների զարգացումը, բ) Ռուսաստանի ներքին կայունությունը տատանող գործոն (հիշենք թեկուզ Բժեզինսկու տեսակետը Ռուսաստանի համար Ուկրաինայի նշանակության մասին), գ) «պայթյունավտանգ գլխացավ» հավասարապես թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի համար (ուկրաինական ծայրահեղ ազգայնականության հովանավորումը):

Նշված նպատակներին, ընդհանուր առմամբ, մեծ հաջողությամբ ծառայել ու ծառայում է Ուկրաինայի ներկայիս գործիքակազմ-վարչակազմը՝ նախագահ Պորոշենկոյի գլխավորությամբ: Նա անվստահություն ու նույնիսկ թշնամանք է սերմանում Ռուսաստանի ու ռուս ժողովրդի նկատմամբ (համենայն դեպս, դա են վկայում պարբերաբար անցկացվող սոցիոլոգիական հարցումներն այդ երկրում), փորձում է անջատել Ուկրաինական ուղղափառ եկեղեցին ռուսականից, ամբողջովին կասեցրել է լոգիստիկան Ռուսաստանի ու Եվրոպայի միջև, երկրի հարավ-արևելքում պահպանում է պատերազմական իրավիճակը, ազգայնականներին ուղղորդում է ոչ միայն Ռուսաստանի, այլև արևմտյան ու հյուսիս-արևմտյան հարևանների դեմ և այլն:

Բնականաբար, հարց է առաջանում՝ ինչու՞ պետք է փոխարինվի այս գործիքակազմը, եթե մինչ օրս այն ամբողջովին արդարացրել է իրեն: Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի առջև կանգնած է ոչ թե վարչակազմի փոխարինման խնդիրը, այլ եղածի պահպանման և երկրի նախանշված ուղու շարունակականության ապահովման խնդիրը: Հենց սա էլ իրականացվում է Ուկրաինայում:

Մինչ նախագահական ընտրությունները, արդեն իսկ պարզ էր, որ Պորոշենկոն ունի խիստ ցածր վարկանիշ ու չի վայելում երկրի բնակչության (ընտրողների) համակրանքը: Ուստի այդ ընտրողների ձայները պետք էր տարալուծել՝ ընտրությունների երկրորդ փուլի առաջացման անհրաժեշտությամբ: Միևնույն ժամանակ, պետք էր ապահովել Պորոշենկոյի անցումը երկրորդ փուլ, ընդ որում, այնպիսի մի թեկնածուի հետ, որը, մի կողմից, առաջին փուլում «կխլեր» երկրի քաղաքական համակարգից դժգոհ զանգվածի ձայների մեծամասնությունը, իսկ, մյուս կողմից, երկրորդ փուլում կապահովեր Պորոշենկոյի հաղթանակ, և, որ ամենակարևորն է, ընտրություններից հետո կընդուներ իր պարտությունն ու կճանաչեր Պորոշենկոյի հաղթանակը (այս պարագայում մնացյալի ըմբոստությունը դատարկաբանություն կդիտվի): Այս դերակատարության համար ընտրվեց լավագույն թեկնածուն՝ Զելինսկին:

Որքանո՞վ են այս դատողություններն իրական, կտեսնենք մոտ ապագայում: Տա Աստված, որ դրանք սին լինեն, որովհետև տուժողը լինելու է Ուկրաինայի ժողովուրդը։

 

Լևոն Անդրիասյան