Քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-թաիլանդական համագործակցության հեռանկարները

Ժնևում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի Թվային տնտեսության և հասարակության նախարար Պիչետ Դուրունգավերոյի հետ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, կողմերը քննարկել են Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցության հնարավորությունները բարձր տեխնոլոգիական ոլորտում։ Մասնավորապես՝ նախարարը ներկայացրել է Հայաստանում ստեղծված և հաջողությամբ կիրառվող այնպիսի տեխնոլոգիաներն ու հարթակները, ինչպիսիք են «Թումո» կենտրոնը (Tumo Center for Creative Technologies), «Արմաթ» լաբորատորիաները (Armath Engineering Laboratories), Dasaran.am-ը, հարկային համակարգի թվայնացումը, ինչպես նաև այլ նախագծեր, որոնք կարող են կիրառվել Թաիլանդում։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային հարթակ՝ հետագա քննարկումների և համագործակցության համար։

Հակոբ Արշակյանը Պիչետ Դուրունգավերոյին հրավիրել է մասնակցելու Երևանում աշնանը կայանալիք ՏՏ համաշխարհային կոնգրեսի նախարարական կլոր սեղանին։