Էրդողանն ընտրություններում տանուլ տվեց Հայաստանի հետ սահմանը

Մարտի 31-ին, ինչպես հայտնի է, Թուրքիայում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն և իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) այդ ընտրություններում մեծ հաշվով պարտվեցին, ընդ որում, նույնիսկ և՛ Սամբուլում, և՛ Անկարայում։

Մեր ուշադրությունը, սակայն, գրավեց այն փաստը, որ Թուրքիայի «չափավոր իսլամիստները» տանուլ տվեցին քաղաքապետի աթոռի համար տեղական ընտրությունները նաև Հայաստանին սահմանակից Կարս և Իգդիր քաղաքներում, որտեղ մեծ տարբերությամբ հաղթեցին քրդամետ «Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) թեկնածուները։ Ընդ որում, բուն կուսակցությունը, ըստ էության, դուրս է մղված օրենքի շրջանակներից։ Դրա առաջնորդները հիմնականում կալանքի և դատի տակ են։ Այդուհանդերձ, Հայաստանի հետ սահմանամերձ տարածքում էրդողանականները պարտվեցին։

Թուրք քաղաքագետներից մեկն օրերս հայտարարեց, որ նույնիսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Էրդողանից պահանջել է Կարս և Իգդիր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում աջակցել Դևլեթ Բախչելիի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) թեկնածուներին, որպեսզի թույլ չտա «հայամետ» քրդերի հաղթանակը։ Այդուհանդերձ, կառավարող ԱԶԿ-ն տանուլ տվեց Հայաստանի հետ սահմանը, իսկ, ահա, իսլամիստների ստամբուլյան պարտությունը… Պարզապես հիեցնենք, որ դեռ տարիներ առաջ տարածված ասույթ կար. աշխարհի ամենամեծ քրդական քաղաքը Ստամբուլն է, քանի որ Ստամբուլում ապրում է մինչև 2 մլն քուրդ։

«Kurdistan24» քրդական պարբերականը մարտի 30-ին հաղորդել է, որ այդ օրը Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի տներում անցկացրել է 127 ստուգայց, ձերբակալել առնվազն 53 մարդու՝ քրդամետ HDP-ից քաղաքային խորհրդի թեկնածուների։ Ձերբակալություններն իրականացվել են, երբ տեղական ինքնակառավարման ընտրությունների սկսվելուն մնացել էր 24 ժամից էլ պակաս։ Ուրֆա (Եդեսիա) հարավային գավառում ոստիկանությունը ձերբակալել է ընտրություններում առաջադրված ևս 11 մարդու։ Ադանա, Վան և Իգդիր քաղաքներում «ահաբեկչության» մեղադրանքով իշխանությունները ձերբակալել են HDP կուսակցության 31 անդամի։

Քրդական ընդդիմության դեմ բռնաճնշումների նոր ալիքը սկսվեց մի քանի օր անց այն բանից հետո, երբ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն խոստացավ լայնամասշտաբ գործողություն անցկացնել HDP-ի դեմ։ HDP-ը քրդական այլ կուսակցությունների աջակցությամբ իր թեկնածուներին էր առաջադրել քրդերով բնակեցված թուրքական խոշոր բնակավայրերում, որտեղ ավանդաբար հաղթում է ընտրություններում։

Ինչպես հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Այսե Աքար Բասարանը, այն օրվանից, ինչ HDP-ը սկսել է նախընտրական արշավը, թուրքական իշխանությունները ձերբակալել են կուսակցության 713 անդամների, նրանցից 107-ը մնում են կալանքի տակ։

«Այսօրվա և վաղվա օրվա միջև տարբերությունն այն է, որ այս ֆաշիստական դաշինքը կլուծարվի»,- ասել է Բասարանը, նկատի ունենալով Էրդողանի ԱԶԿ իշխող կուսակցությանն ու ընտրություններում նրա դաշնակցին՝ Բախչելիի MHP-ին, որն իրականում, հիշեցնենք, «Գորշ գայլեր» («Բոզ կուրտ») ահաբեկչական կազմակերպության «լեգալ» ձևն է, քանի որ սույն կուսակցությունը ստեղծվել է դեռ 1969 թվականին հենց «Գորշ գայլերի» պարագլուխ Ալպարսլան Թյուրքեշի կողմից, իսկ Բախչելին ազգայնամոլներին գլխավորել է արդեն Թյուրքեշի մահից հետո։ Այդ կուսակցության գաղափարախոսությունը, բնականաբար, թուրքական կատաղի ազգայնամոլությունն ու պանթյուրքիզմն է՝ առատորեն համեմված եվրահոռետեսությամբ…

Աշխարհը գիտի, որ Էրդողանը HDP-ին մեղադրում է «անկախ Քուրդիստան հիմնել ցանկացող» ՔԲԿ-ի ահաբեկիչների հետ համագործակցելու մեջ։ Քրդամետ HDP կուսակցության անդամների թիվը թուրքական բանտերում անցնում է 7000 մարդուց։ Նրանց մեջ են կուսակցության նախկին առաջնորդներ Սելահաթին Դեմիրթաշը, Ֆիգեն Յուկսենդաղը, պառլամենտի անդամներ և ավելի քան 60 քաղաքապետեր։ Այսպիսին է սահմանամերձ Կարսում ու Իգդիրում մարտի 31-ի տեղական ընտրություններում քրդերից «չափավոր իսլամիստների» կրած պարտության խորապատկերը։

Երևանյան կոլումնիստ-հեղինակ Ռուբեն Գյուլմիսարյանն այս փաստերի առնչութամբ առաջադրել է հետաքրքիր վարկած. «Թուրքիայի հյուսիս-արևելյան շրջաններում HDP-ի հաղթանակը անհավասարակշիռ Էրդողանին կարող է դրդել ռազմական գործողություններ սկսել այդտեղ. պատրվակներ նա կգտնի, կարելի է չկասկածել։ Նույնիսկ եթե պատճառներ չլինեն, նա կստեղծի դրանք արհեստականորեն։ Այդպիսի գործողությունները թեև ձեռնտու են Էրդողանին կարճաժամկետ հեռանկարում, բայց միջնաժամկետում բացասաբար են ազդում երկրի ներքին իրավիճակի վրա, որը որոշակի պայմանների դեպքում կարող է դառնալ պայթյունավտանգ»։

Գյուլմիսարյանն իրավացի է. դա որքան որ ֆանտաստիկ է, այդ թվում՝ հենց Էրդողանի դիրքերից, նույնքան էլ իրատեսական է, հաշվի առնելով Թուրքիայի նախագահի բռնկուն խառնվածքն ու արտառոց պահվածքը։

Մարտի 30-ին ru.euronews.com ինտերնետային պարբերականը գրել է, որ մարտի 31-ի ընտրությունները չափազանց կարևոր են ինչպես Էրդողանի, այնպես էլ թուրքական քրդերի համար։ Ներկայացնենք մի քանի մեջբերումներ.

«2019թ. մարտի 31-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ընտրողների կողմից Էրդողանին ցուցաբերվող աջակցության առաջին թեստն են այն ժամանակից ի վեր, երբ նա վերընտրվեց բարձրագույն պաշտոնում 2018թ. հունիսին։ Անցած տարվա քվեարկության արդյունքում Էրդողանն ընդլայնված լիազորություններ ստացավ երկրի խորհրդարանի և դատական համակարգի նկատմամբ։ Տեղական ընտրությունների արդյունքը կարող է փոխել քաղաքական ուժերի դասավորությունը Թուրքիայի ներսում, ինչպես նաև ազդել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա։ Ազգայնական շարժման կուսակցության (MHP) հետ Էրդողանի ԱԶԿ-ի դաշինքը իսկապես կարող է հանգեցնել հարևան Սիրիայում թուրքական իշխանությունների է՛լ ավելի կոշտ դիրքորոշման քրդերի նկատմամբ, որոնց ռազմական կազմավորումներին աջակցում են Թուրքիայի արևմտյան գործընկերները «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում… Ընտրություններում առաջադրվում են երկու հիմնական դաշինք։ «Ժողովրդական դաշինքը» բաղկացած է մեծամասնության կուսակցությունից՝ Էրդողանի ԱԶԿ-ից և Ազգայնական շարժման կուսակցությունից (MHP), որը հանդես է գալիս քրդամետ կուսակցության հետ ցանկացած փոխգործակցության դեմ։ Ի պատասխան, գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) և պահպանողական «Լավ» կուսակցությունը (IP) միավորվել են «Ազգային դաշինքի»։ Ի սատարումն ընդդիմադիր դաշինքի, «Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP) իր թեկնածուներին չի առաջադրել Ստամբուլում, Անկարայում ու Իզմիրում։ Ներկայումս HDP-ը խմբակցության թվաքանակով երրորդ կուսակցությունն է խորհրդարանում։ Քրդերի ձայները վճռորոշ նշանակություն կունենան ընտրությունների արդյունքները հաշվարկելիս»։

Դե ինչ, ru.euronews.com կայքի վերլուծաբաններն ապրիորի իրավացի են։ Ապրիլի 4-ին ընտրությունների արդյունքներից դժգոհ Էրդողանը ստիպեց Ստամբուլում սկսել ընտրողների ձայների վերահաշվարկը։ Ինչպես ցույց տվեցին Ստամբուլի և Անկարայի փողոցներում բնակչության հարցումները, հաղորդում է ru.euronews.com կայքը, բազմաթիվ շարքային քաղաքացիներ, նույնիսկ խոստովանելով, որ համակրում են Էրդողանին, հրաժարվում են քվեարկել նրա ԱԶԿ-ի օգտին։ Էրդողանն ամենևին էլ ֆենոմեն չէ ժամանակակից քաղաքական կյանքում։ Այլ երկրներում նույնպես եղել են ու կան իրավիճակներ, երբ պետության գործող ղեկավարի վարկանիշը բազմապատիկ ավելի բարձր է, քան կառավարող կուսակցությանը։ Բայց Թուրքիայում Էրդողանի քաղաքական «մենությունը» ներքին իշխանական օլիմպոսում, այն էլ քրդերի հետ նրա հարաբերությունների սրման պայմաններում, երաշխիքն է այն բանի, որ մոտ ժամանակներս կփոթորկվի ողջ Թուրքիան, այլ ոչ միայն քրդերով բնակեցված տարածաշրջանները։ Նկատի ունենանք նաև այն, որ Արևմտյան Հայաստանում ու Միջագետքում առ այսօր շարունակվում են մարտերը ՔԲԿ-ի փեշմերգաների և թուրքական բանակի միջև։ Մի խոսքով, Թուրքիային սպասում են ծանր ժամանակներ։

 

Սերգեյ Շաքարյանց