Ոստիկանները վնասազերծել են կազմակերպված հանցավոր խումբ. օպերատիվ նկարահանումներ (տեսանյութ)

Վերջերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի խումբ անձինք ստեղծել են կազմակերպված կայուն խումբ և կատարում են գողություններ:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանցավոր խմբին բացահայտելու, հանցափաստում մերկացնելու և խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Սահմանվել է շուրջօրյա հսկողություն, ճշտվել խմբի անդամների ինքնությունը, կազմակերպվել են դարանակալումներ: Կասկածյալների գործողությունները գիշերային ժամերին հետևելու և արձանագրելու համար օգտագործվել են նաև տեխնիկական հատուկ միջոցներ և գիշերային տեսանկարահանող սարքեր:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել են մի շարք հանգամանքներ: Հանցավոր խմբի անդամները հիմնականում հանդիպել են Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Աթոյան, Դիմիտրովի և Էրեբունու փողոցներում:

Հանդիպումից հետո կասկածյալները նստել են խմբի անդամներից որևէ մեկի մեքենան և շարժվել Արին Բերդի- 3 հասցեի ուղղությամբ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները չձախողելու համար որոշում է կայացվել միջոցառումներն իրականացնել հաջորդ օրը, քանի որ տեղեկություններ են եղել, որ հաջորդ օրը նույնպես խումբը գնալու է հենց այդ ուղղությամբ:

Հաջորդ օրը ոստիկանները Արին Բերդի փողոցի ուղղությամբ տեղադրել են տեսախցիկներ՝ հանցավոր խմբի շարժին հետևելու համար, կազմակերպվել են նաև դարանակալումներ:

Ինչպես երևում է կադրում, մեքենայից իջնելուց հետո խումբը շարժվում է դեպի Երևանի ջերմաէլեկտրակայանի տարածք: Րոպեներ անց վերադառնում են պարկերով ու հեռանում:

Այս գործողությունից հետո կասկածյալները պարկերը տեղափոխել են Սարի թաղի տներից մեկը, իսկ հաջորդ օրն առավոտյան բեռնափոխադրման մեքենայով տարել մետաղի ընդունման կետ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցավոր խումբը Երևանի ջերմաէլեկտրակայանի տրանսֆորմատորից գողանում էր պղնձե փաթույթներ և գողոնն իրացնում մետաղի ընդունման կետում: Ի դեպ, ըստ նախնական տվյալների, գողոնն ամեն անգամ կազմում էր շուրջ 1 տոննա:

Հարուցվել է քրեական գործ գողության հատկանիշներով:

Հանցավոր խմբին վնասազերծելու օպերացիան կազմակերպելու համար, ըստ ՀՀ ոստիկանության, հարկավոր էր մի քանի օր հետևել նրանց հանցավոր գործունեությանը, որպեսզի պարզվեն գործողությունների բոլոր հանգամանքները, իսկ վնասազերծելիս հայտնաբերվեն խմբի բոլոր անդամները, նաև օժանդակող անձինք:

Ապրիլի 4-ին, կեսգիշերին խումբը կրկին շարժվել է նույն ուղղությամբ: Դարձյալ ոստիկանների տեսադաշտում պարկերը տեղափոխվել են մեքենա, իսկ առավոտյան կրկին՝ մետաղների ընդունման կետ:

Երբ ամեն ինչ պարզ է եղել, այսինքն՝ իրավապահները գիտեցել են, թե որտեղից ինչ են գողանում, և որտեղ իրացնում գողոնը, որոշում է կայացվել վնասազերծել խմբի անդամներին:

Նույն օրը՝ ապրիլի 4-ին, առավոտյան օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հանցավոր խումբը վնասազերծվել է մետաղների ընդունման կետում, և բոլոր կասկածյալները բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Բերման ենթարկվածներն են՝ երևանցիներ 34-ամյա Արման Մանուկյանը, 36-ամյա Գուրգեն Ղռանտոնյանը, 31-ամյա Սերգեյ Մեհրաբյանը, 41-ամյա Գևորգ Բաղդասարյանը, 32-ամյա Մերուժան Մանուկյանը, եղբայրներ 37-ամյա Նշան ու 36-ամյա Գրիգոր Նշանյանները, 36-ամյա Ալբերտ և 37-ամյա Ռոբերտ Նիգոյանները:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է լիցքավորիչով տեսախցիկ: Կասկածյալներն այս տեսախցիկը տեղադրել էին տրանսֆորմատորի դիմաց, բջջային հեռախոսներով առցանց հետևել ջերմաէլեկտրակայանի աշխատակիցների շարժին, ընտրել հարմար պահն ու գնացել գողություն կատարելու:

Խուզարկություններ են կատարվել կասկածյալների բնակության վայրերում ու մեքենաներում:

Նախնական հաշվարկով՝ գողություններով պատճառված վնասի չափը կազմում է 21 միլիոն դրամ:

Կասկածյալները կալանավորված են: Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է: