Առանձնապես խոշոր չափերով գողություն «Երևանի ՋԷԿ»-ից. մեղադրանք է առաջադրվել 9 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողության դեպք: ՀՀ ՔԿ լրատվական ծառայության տեղեկացմամբ, մեղադրանք է առաջադրվել 9 անձի:

Նախնական տվյալներով, Երևան քաղաքի թվով 9 բնակիչներ մտադրվել են գողություն կատարել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ից, որի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, կատարել դերաբաշխում, կազմակերպված խմբի կազմում ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեսախցիկ տեղադրելու միջոցով, վերահսկել տարածքը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ անձինք 2019թ․ փետրվարից մինչև 2019թ․ մարտի 4-ը մուտք են գործել ՓԲԸ-ին պատկանող տարածք ու նախօրոք ընտրված տեխնիկական միջոցների գործադրմամբ տրանսֆորմատորում առկա պղնձյա փաթույթները կտրելու եղանակով գաղտնի հափշտակել դրանք:

Այնուհետև նախօրոք ընտրված 7 տրանսպորտային միջոցներով գողոնը տեղափոխել են առերևույթ հանցագործության մասնակիցներից մեկի տան բակ, որից հետո հափշտակված պղնձալարերն իրացրել գունավոր մետաղների ընդունման կետերում՝ ՓԲԸ-ին պատճառելով, ընդհանուր առմամբ, առանձնապես խոշոր չափերի` 21 490 349 41 դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ընդունվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՓԲԸ-ից առերևույթ կատարված գողության մասնակցություն ունեցած 9 անձանց ինքնությունը։ Վերջիններս ձերբակալվել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ենթադրյալ հանցագործություն կատարած 9 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քննիչը միջնորդություն  է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նույն խմբի կողմից կատարված հնարավոր այլ հանցավոր արարքները, դրանց կատարմանն այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ։