Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Smart Africa կենտրոնի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր

Ռուանդա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 7-ին այցելել է «Smart Africa» կենտրոն:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, աֆրիկյան երկրների ղեկավարների և կառավարությունների կողմից ստեղծված և մայրցամաքի 25 երկրներին միավորող «Smart Africa» կենտրոնի նպատակն է ապահովել մայրցամաքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը, ինչպես նաև թվային օրակարգի և նորարարության վրա հիմնված տնտեսության ստեղծումը:

Կենտրոնում տեղի է ունեցել ԱԳ նախարար Մնացականյանի և նրա գլխավորած պատվիրակության հանդիպումը կենտրոնի գլխավոր տնօրեն Լացինա Կոնեի հետ: Վերջինս  ներկայացրել է էլեկտրոնային կառավարման և տեխնոլոգիաների ոլորտներում արձանագրված ձեռքբերումները, Աֆրիկա մայրցամաքի թվայնացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը և դրանցում այլ երկրների փորձը կիրառելու հնարավորությունները:

Զոհրաբ Մնացականյանը Լացինա Կոնեին ներկայացրել է ՀՀ կառավարության որդեգրած խելացի զարգացման օրակարգը, որի առանցքը ոլորտում առկա ներուժի համախմբման համար բարենպաստ միջավայրի ձևավորումն է: Համագործակցության և Աֆրիկյան մայրցամաքում հայկական փորձի ներդրման հնարավորությունների և հեռանկարների շուրջ առարկայական քննարկում ծավալելու առումով նախարար Մնացականյանը կարևորել է իր պատվիրակության կազմում հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ընդգրկումը։

Պատվիրակության կազմում ընդգրկված Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը և «IUnetworks» ընկերության բիզնես զարգացման ղեկավար Լևոն Բաբայանը ներկայացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և էլեկտրոնային կառավարման ոլորտում Հայաստանի փորձը՝ կարևորելով այդ ոլորտներում նաև աֆրիկյան երկրների հետ փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը:

Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանի ղեկավարած պատվիրակության կազմում Ռուանդա ժամանած Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը Smart Africa կենտրոնի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է Հայաստանի և Ռուանդայի միջև համատեղ նորարարական և հետազոտական ծրագրերի իրականացում, բարձր տեխնոլոգիաների և ինժեներության ոլորտներում համագործակցություն, համալսարանների միջև կապերի խթանում, բիզնես շրջանակների փոխգործակցություն:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները: