Իսրայելը և ԱՄՆ-ը պետք է միշտ հիշեն՝ Սիրիայի Գոլանի բարձունքի անեքսիան անվավեր է և միջազգային իրավաբանական ուժ չունեցող

«Times of Israel» պարբերականը վերջերս գրեց, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է, թե Սպիտակ տան աշխատակազմը պատրաստվում է վերագծել Իսրայելի և հարակից տարածաշրջանի բոլոր կառավարական քարտեզները, որպեսզի ներառի Գոլանի բարձունքն Իսրայելի կազմում։

Նոր քարտեզները կհամապատասխանեն ԱՄՆ-ի նոր քաղաքականությանը, որը ճանաչում է Սիրիայից զավթված տարածքի պատկանելությունն Իսրայելին, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը։ Դա հաստատել է նաև Բրայան Հուկը՝ Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը, որը նույնպես հայտարարել է, որ Պետդեպարտամենտը «կվերագծի» քարտեզները և կհրապարակի դրանք «հենց որ պատրաստ լինեն»։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն դեռ չի ճշտել, թե Վաշինգտոնն իսրայել-սիրիական սահմանը տեսնում է 1974թ. հրադադարի գծի երկայնքո՞վ, թե ՄԱԿ-ի դիտորդների ուժերով հսկվող ապառազմականացված գոտու արևմտյան սահմանի երկայնքով։ Իսրայել-ամերիկյան նախապատրաստվող «տոնի» առթիվ նշենք, որ 2019թ. մարտի 27-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում 15 անդամներից 14-ը, բացի ԱՄՆ-ից, դատապարտել են այդ քայլը, Իսրայելի կողմից տարածաշրջանի անեքսիան անվանելով «անվավեր և միջազգային իրավաբանական ուժ չունեցող»։