Դուշման Վարդանի երազանքը կատարվեց. Ստեփանակերտ-Շուշի մայրուղու ողջ երկայնքով տնկվել են եղրևանիներ (լուսանկարներ)
«Արցախպրես»-ի տեղեկացմամբ, միջոցառմանը մասնակցել են ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետական այրեր, Դուշման Վարդանի մայրը՝ Զարիկ Ստեփանյանը, քույրը՝ Արմինեն, հարազտներ, ընկերներ, կամավորներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Զարիկ Ստեփանյանն ասել է, որ 1988 թվականին Վարդանն ուսումը թողել է կիսատ և մեկնել Արցախ: Նա երազել է, որ ինքն առաջինն է մտնելու ազատագրված Շուշի և Լաչինով տուն է վերադառնալու:
«Որպես ռազմագետ՝ որդիս 1988 թվականին եկել է Արցախ և կազմավորել ջոկատներ: Նա մասնակցել է Արցախի բոլոր տարածքների ազատագրմանը: Աշոտ Բեկորի հետ ազատագրված Շուշի մտնող առաջիններից մեկը Վարդանն էր: Կատարվել է որդուս առաջին երազանքը: Նա ասում էր, ով տիրում է Շուշիին, նա տիրում է ողջ Արցախին: Շուշիից վերադառնալով տուն՝ նա փաթաթվել է ինձ ու ասել. «Մա՛մ, 100 տարի պիտի ապրես, քեզ հուղարկավորելու եմ Շուշիում»,- ու շարունակել,- «Ստեփանակերտ-Շուշիի մայրուղու ողջ երկայնքով եղրևանու ծառեր եմ տնկելու»: Նա պաշտում էր Շուշին: Ցավոք սրտի, որդուս երազանքը կիսատ մնաց, բայց մենք փորձեցինք այն իրականություն դարձնել»,- մասնավորապես ավելացրել է Զարիկ մայրիկը:
Խոսելով եղրևանիների տնկման նախաձեռնության մասին՝ նա ասել է, որ սկսած 2016 թվականից, սոցցանցերում իրենք հայտարարություն են տարածել, որի նպատակն է՝ իրականացնել Դուշման Վարդանի երազանքը: Շատ մարդիկ են միացել նախաձեռնությանը, սակայն ինչ-ինչ պատճառներով այն անընդհատ հետաձգվել է:
«Այսօր իմ տղաներն ու աղջիկները կատարում են իմ որդու երազանքը: Ես համարում եմ, որ Արցախը որդիս է: Մենք աշխարհին պիտի ապացուցենք, որ յուրաքանչյուր հայ Արցախն իրենն է համարում: Թո՛ղ հայոց արգանդը լինի բեղուն՝ նոր Վարդաններ ծնվեն, և թո՛ղ հավերժ այս եղրևանիներն իրենց բույրը տարածեն ամենուր»,-ընդգծել է Զարիկ մայրիկը:
Վարդանի քույրը՝ Արմինե Ստեփանյանը, վերհիշելով եղբոր խոսքերը, ասել է. «Եթե արցախցին չպաշտպանի իր հողը, աշխարհն էլ կանգնի, չի կարող պաշտպանել»:
«Մենք Արցախ չենք գալիս ուղղակի այն տեսնելու, այլ գալիս ենք՝ հանդիպելու Վարդանին: Այսօրը մեզ համար շատ կարևոր է, որովհետև այսօր մենք իրականացրել ենք եղբորս՝ Վարդանի երազանքը: Ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կյանքի կոչեցին այս նախաձեռնությունը»,-նշել է քույրը:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ, տեղեկանալով նման նախաձեռնության մասին, ինքը միանգամից պատրաստակամությունն է հայտնել մասնակցել Դուշման Վարդանի երազանքի իրականացմանը:
Ս. Հովսեփյանի կարծիքով, նախաձեռնությանը միացել են այն մարդիկ, ովքեր գնահատում և կարևորում են ազգային արժեքները, հերոս հայորդիների հայրենանվեր արարքներն ու սխրանքները: