Ինչ-որ մեկը Զաքիր Հասանովի տակը փորում է

Ադրբեջանում, ըստ երևույթին, ինչ-որ բան է կատարվում, ընդ որում, պաշտպանության նախարարության շուրջ ու դրա ներսում։ Ժամանակին տեղի ունեցավ ինչ-որ բախում, բայց Ալիևների կլանին հաջողվեց չեզոքացնել իրավիճակը։ Իսկ հիմա նորից ինչ-որ բան է սկսվել։ Այդ մասին են վկայում արտահոսած մի քանի տեղեկություններ, որոնց միաժամանակ հայտնվելը դժվար թե պատահականություն լինի։

Մարտի 20-ին համացանցում զետեղվեց «Մեր ժամանակի հերոսները» վավերագրական ֆիլմը, որը ստեղծել է «Ազատ Ադրբեջան» անվանումով ինչ-որ հասարակական շարժում։ Նշյալ ֆիլմի ողջ հենքը կառուցված է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի անձի շուրջ և ուղղված է ադրբեջանական հանրության աչքում նրա վարկաբեկմանը։ Ֆիլմը լի է Հասանովին հասցեագրված մեղադրանքներով, իբր՝ հայերի հետ նրա կապի, կոռումպացվածության ու երկերասանիության վերաբերյալ։ Դրա հետ մեկտեղ, սյուժեում  կա նաև խորապես անձնական բնույթի տեղեկատվություն։ Օրինակ, տվյալներ՝ Հասանովի արտամուսնական արկածների մասին, ասեկոսեներ նրա կնոջ բազմաթիվ սիրային կապերի մասին, ինչպես նաև պնդումներ նրա դստեր ծայրահեղ անբարո կենսակերպի վերաբերյալ։

Ֆիլմում ոչ երկիմաստորեն հավաստիացվում է, որ Զ. Հասանովը դասալիք է, որը պատերազմի տարիներին Ռուսաստանում հանգիստ նստել է զինկոմիսարի տաքուկ պաշտոնում, իսկ այնուհետ իր համար բարձր պաշտոններ կորզել Ադրբեջանի ուժային կառույցներում՝ բացառապես հայր և որդի Ալիևների առջև ստորաքարշության միջոցով։ Նկատի առնելով քննադատության այսչափ կոշտ ձևը, կարելի է վստահորեն եզրակացնել, որ այդ ֆիլմն ինչ-որ մեկի պատվերն է՝ Հասանովի պաշտոնազրկման և այնուհետ քաղաքական ոչնչացման նպատակով։ Ադրբեջանցի և հայ մի շարք լրագրողներ արդեն ենթադրել են, որ ֆիլմի առավել հավանական պատվիրատուներ կարող էին լինել կա՛մ Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայումս Նորվեգիայում ապրող վտարյալ Իսա Սադիխովը, կա՛մ ադրբեջանական բանակի շտաբի գործող պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը։ Ենթադրաբար հենց այս երկու անձինք են, որ առավելագույն հիմքեր ունեն հարվածելու Զաքիր Հասանովի իշխանական դիրքերին։

Սադիխովն արդեն առիթ ունեցել է առճակատ քննադատությամբ հարձակվելու Հասանովի վրա դեռ 2016թ. ապրիլյան արկածախնդրության օրերին։ Նրա կարծիքով, այն ժամանակ Ադրբեջանի բանակը Զ. Հասանովի հրամանատարության տակ պարտություն կրեց, հարձակումը ծրագրված էր ապաշնորհ կերպով, կորուստներն ահռելի էին, իսկ ձեռքբերումները՝ փաստացի զրո։ Ֆիլմում չափազանց շատ է Սադիխովի այս եռամյա վաղեմության արտահայտությունների հետ լիովին համադրելի քննադատությունը։ Բայց, այդուհանդերձ, առավել հավանական է, որ «պատվիրատուն» կարող է լինել Ն. Սադիկովը։ Նա առաջվա պես երազում է «Ապշերոնի խանության» պաշտպանության նախարարի աթոռի մասին։ Զ. Հասանովի հետ նրա տարաձայնությունների մասին Բաքվում գրում էին դեռ 2017 թվականին։ Մասնավորապես՝ խոսքը վերաբերվում էր «հին զինվոր» Սադիկովի անձնական հարգանքի բացակայությանը Հասանովի նկատմամբ, որն իր գեներալական ուսադիրներն ու նախարարական պաշտոնը ձեռք է բերել բացառապես Ալիևների դեմ ժողովրդական խռովությունների և ապստամբությունների ճնշման միջոցով։ Սպայական կազմի միջավայրում մեծ հեղինակություն վայելող Սադիկովը նախարարի պաշտոնում Հասանովի նշանակումից հետո փաստորեն անջրպետվեց նախագահի անձից, հարկադրված հեռացավ ստվեր ու զրկվեց բանակին հատկացվող ֆինանսական հոսքերի մի մասի հանդեպ վերահսկողությունից, որից ազատ օգտվում էր ծայրաստիճան կոռումպացված ու թուլակամ նախկին նախարար Սաֆար Աբիևի օրոք։ Չնայած Հասանովի նկատմամբ ցուցադրական լոյալությանը, Սադիկովը գաղտնի շարունակում էր տարբեր հարցերում իր կամքը թելադրել բանակի բարձրագույն սպայական կազմին և հնարավորության չափով խոչընդոտներ ստեղծում պաշտպանության նախարարի համար՝ բանակի կառույցներում իր հավատարիմ մարդկանց ներդնելու գործում։

Ադրբեջանական բանակի բարձրագույն հրամանատարական կազմում տիրող պառակտման խնդիրը նույն տեսանկյունից է դիտարկում նաև լրագրող, «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը։ Իր «Դասալիքից մինչև նախարար» հոդվածում նա, բացի ամենայնից, միանգամայն հիմնավորված նշում է Հասանովի ու Սադիկովի միջև թշնամանքի նաև ավելի խոր ակունքները, որոնք թաքնված են ադրբեջանական բանակի մոդելի կառուցման ընթացքում նրանց կողմից տարբեր տերությունների շահերի լոբինգավորման և արտաքին քաղաքական սքողված կողմնորոշիչների մեջ։ Այնպես որ, միանգամայն հնարավոր է, որ հենց Ն. Սադիկովն է կանգնած «Մեր ժամանակի հերոսները» վավերագրական ֆիլմի պատվիրման հետևում, ֆիլմ, որը չափազանց գրոտեսկային է իր որոշ մանրամասների մեջ, բայց, այդուհանդերձ, զուրկ չէ ճշմարտանմանությունից։

Ակներև է, որ Հասանովին քարոզչական հզոր հարված է հասցվում, ընդ որում, դա կանխամտածված արվում է հիմա, երբ նախարարը պատրաստվում է հերթական անգամ հառնել ժողովրդի առջև քառօրյա պատերազմի «փայլուն զորավարի, հերոս-ազատարարի» կերպարանքով։

Սակայն, համացանցում հակահասանովյան ֆիլմի տեղադրումը չէ միայն, որ մեզ առիթ է տալիս եզրակացնելու, որ անցյալից եկող առճակատումն ու սկանդալները ցայտում են Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության և բանակի սահմաններից դուրս։ Ֆիլմի հետ գրեթե միաժամանակ, ընդամենը մի քանի օր տարբերությամբ, լրատվական տարածքում հայտնվեց ևս մեկ ուշագրավ տեղեկատվություն, որի հրապարակումը բացարձակապես բնորոշ չէ ադրբեջանական հասարակական գործիչներին ու ԶԼՄ-ներին։ Մարտի 28-ին ադրբեջանցի իրավապաշտպան Օկտայ Գյուլալիևը հրապարակեց ս․ թ․ հունվարի 31-ին Տերտերի զինվորական դատարանի կայացրած դատավճիռն Ադրբեջանի բանակի զինվորների կտտանքների և սպանությունների գործով, որոնք կասկածվել են հայկական հատուկ ծառայությունների օգտին աշխատելու մեջ։

Հիշեցնենք, որ «տասնյակ լրտեսների ձերբակալման» աղմկահարույց գործը տեղի ունեցավ 2017թ. մայիսին։ Այն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը և Գլխավոր դատախազությունը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, համաձայն որի, Տերտերում և Ադրբեջանի մի շարք այլ ճակատամերձ շրջաններում բացահայտվել ու վնասազերծվել է զինվորականներից և քաղաքացիական անձանցից բաղկացած լրտեսական ընդարձակ ցանց։ Այդ ցանցն իբր թե ստեղծվել էր հայկական հատուկ ծառայությունների կողմից, և Ադրբեջանի վարձված քաղաքացիները հայկական կողմին կանոնավորապես հաղորդել են ադրբեջանական ստորաբաժանումների տեղակայման ու շարժի մասին տեղեկատվություն, նաև այլ արժեքավոր տվյալներ։

Ադրբեջանական իշխանություններն այն ժամանակ հայտարարեցին, թե կանցկացվի հետաքննություն և դատաքննություն՝ համաձայն օրենքի տառի, և որ հասարակությունն անպայման կտեղեկացվի «լրտեսների» նկատմամբ դատավարության ընթացքի մասին։ Սակայն ոչ մի ամփոփագիր կամ պաշտոնական ծանուցում դրան այլևս չհաջորդեց։ Փոխարենը՝ «հայկական գործակալների» ձերբակալման գրեթե առաջին իսկ օրվանից սկսեցին ակտիվորեն լուրեր տարածվել, որ կասկածյալների մի տպավորիչ մասն արդեն ողջ չէ։ Ոմանց պարզապես գնդակահարել են ձերբակալության պահին, ոմանց սպանել դեռ քննչական մեկուսարանի ճանապարհին, իսկ մյուսներին սարսափելի կտտանքների ենթարկել արդեն մեկուսարանում։ Հաճախ սպանվածների մարմիններն ընտանիքներին չեն հանձնել, իսկ եթե անգամ պատահում էին հանձնման դեպքեր, ապա հարազատներին սպանության սպառնալիքով խորհուրդ է տրվել «դավաճաններին» թաղել գիշերը, քաղաքային գերեզմանոցների սահմաններից դուրս, առանց որևէ արարողության, առանց զանգվածային հավաքների։

Եվ, ահա, 2 տարի անց պարզվում է, որ «լրտեսների նկատմամբ դատավարությունը» ոչ այլ ինչ էր, քան առանց դատ ու դատաստանի, դաժանագույն հաշվեհարդար մարդկանց նկատմամբ, որոնք անհայտ պատճառներով հայտնվել էին ադրբեջանական անսանձ տոտալիտարիզմի աղացում։ Բնականաբար, հայկական հատուկ ծառայությունների հետ այդ դժբախտների որևէ կապի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Չի անցկացվել ոչ մի դատաքննություն (համենայն դեպս, բաց), չի բերվել ոչ մի ապացույց, չեն ներկայացվել գոնե ինչ-որ հանցանշաններ։ Մենք կհետևենք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ կապված իրադարձությունների հետագա զարգացմանը. չէ՞ որ առայժմ դեռ վերջնականապես պարզ չէ, թե ով է թիրախավորել նախարար Հասանովին…

 

Սերգեյ Շաքարյանց