Գազալցակայանների տնտեսվարողները թյուրիմացության մեջ են հայտնվել (տեսանյութ)

Կառավարության փետրվարի 15-ի նիստի ժամանակ որոշում ընդունվեց ապրիլի 1-ից ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազի համար չափման նոր միավոր սահմանել` խորանարդ մետրը փոխարինելով կիլոգրամով։ Կառավարության հիմնավորումն այն էր, որ նոր մեթոդաբանությունը սպառողներին կազատի տնտեսվարողների մեքենայություններից, վարչապետն էլ հավաստեց, որ սպառողները դրանից չեն տուժի։

Սակայն ապրիլի 1-ից հետո հանրապետության որոշ ԱԳԼՃԿ-ներում իսկական խառնաշփոթ էր առաջացել, սեղմված գազ սպառող վարորդների հավաստմամբ՝ գազալցակայաններում իրենց բավականին բարձր գնով են գազը վաճառել՝ պնդելով, թե գազի չափը կիլոգրամով են հաշվարկել։ Որոշ վարորդների հավաստմամբ էլ իրենց վաճառված գազի կալորիականությունը փոքր է եղել, և իրենք տվյալ ծավալի գազով ավելի քիչ են կարողացել երթևեկել, քան նախկինում։

Կառավարության օրերս կայացած նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խնդրին և նշել, որ այն, հավանաբար, տնտեսվարողների մանիպուլյացիաների հետևանք է, և այդ կերպ տնտեսվարողները փորձում են բողոքել իրենց ոլորտում իրականացվող հարկային փոփոխությունների դեմ, հանրության շրջանում որոշակի դժգոհություն հարուցել։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Գերագույն մարմնին կից ֆինանսական և էկոնոմիկայի մասնագիտական հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը LIVEnews.am-ի տաղավարում մեզ տված հարցազրույցի ընթացքում նշեց, որ իրականում խնդիրն առաջացել էր ոչ թե տնտեսվարողների պատճառով, այլ կառավարության պատասխանատուների չիմացության։

«Երբ շղթան ամբողջական չի ուսումնասիրվում, նման խնդիրներն անխուսափելի են,- ասաց Արմեն Գրիգորյանը։- Իսկ շղթայում ներգրավված են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, գազալցակայանների սեփականատերերը և սպառողները։ Մենք շղթայի արդեն իսկ առաջնային օղակում խնդիր ունենք, քանի որ ընկերությունը Հայաստանին մատակարարվող սեղմված գազի կալորիականությունը, խտությունը նախապես չի հրապարակում, և մեր տնտեսվարողները չեն կարող այդ ցուցանիշը վաճառքից առաջ ներմուծել իրենց տվյալների մեջ ու գին սահմանել։ Կառավարությունը նախ պետք է այս խնդիրը կարգավորի»։

Մանրամասները՝ տեսանյութում