Նախատեսվում է 2019-2021թթ․ իրականացնել Վերին Լարսի վերակառուցման ծրագիր

Մոսկվայում կայացել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստը

 

Ապրիլի 4-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի գլխավորությամբ կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստը, որին հայկական կողմից մասնակցել են նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, նիստի սկզբում համանախագահները նշել են, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների կողմից համատեղ իրականացված աշխատանքի արդյունքում նախորդ նիստի որոշումներն, ընդհանուր առմամբ, կատարվել են:

Միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության, տրանսպորտի, սննդի անվտանգության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում: Համանախագահներն ընդգծել են, որ պետք է հատկապես ուշադրություն դարձնել զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, որը հանդիսանում է հայ-ռուսական առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության նշանակալի ուղղություն: Այդ նպատակով կարևորվել է նիստից հետո ստորագրված 2019-2021 թնականների համար համապատասխան գերատեսչությունների համագործակցության միջոցառումների ծրագիրը:

Նիստի ընթացքում մասնավորապես համանախագահները գոհունակությամբ են փաստել Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրի ուղղությամբ արձանագրված դրական դինամիկան՝ նշելով, որ կողմերը կշարունակեն իրականացնել համատեղ աշխատանքներ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2018թ․ տվյալներով կազմել է շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար և 2017թ․ համեմատությամբ ավելացել է 11,2 տոկոսով:

Առանձնակի կարևորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդ ստեղծելու գաղափարը, ինչը, ըստ համանախագահների, կնպաստի երկու երկրների բիզնես համայնքների արդյունավետ համագործակցության խորացմանը, ինչպես նաև կծառայի որպես բիզնեսի առջև ծառացած խնդիրների և օրակարգային հարցերի բարձրաձայնման հարթակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կստեղծվի համանախագահների տեղակալի ինստիտուտ, որը կներկայացնի բիզնես համայնքը:

Երկու կողմերը ողջունել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-ռուսական ներդրումային ֆոնդ նախաձեռնելու պայմանավորվածությունը՝ ընդգծելով այդ գործընթացում Եվրասիական զարգացման բանկի դերը:

Համանախագահներն առանձնակի կարևորել են միջտարածաշրջանային համագործակցության զարգացումն ու այդ գործընթացում հայ-ռուսական միջտարածաշրջանային ամենամյա համաժողովի կազմակերպումը:

Բանակցությունների արդյունքում առաջընթաց է արձանագրվել ռուսական կողմի հետ Ռուսաստանի հանրակրթական դպրոցներում հայ աշակերտների համար հայերենը որպես մայրենի և պարտադիր առարկա դասավանդելու խնդիրների վերացման հարցում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՌԴ լուսավորության նախարարությունը, ՌԴ կրթության կառավարման շահագրգիռ մարմինները և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կաջակցեն հայ խիտ բնակչության վայրերում գտնվող ՌԴ հանրակրթական կազմակերպություններում հայերենի դասավանդման զարգացմանը որպես մայրենի լեզու և պարտադիր ուսումնական առարկա։

Ռուսական կողմը նիստի ընթացքում տեղեկացրել է, որ Վերին Լարսի անցակետի թողունակությունն ավելացնելու նպատակով նախատեսում է իրականացնել Վերին Լարսի 2019-2021 թվականների վերակառուցման ծրագիր:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան բնական գազի մատակարարման հարցին և նշվել է, որ անհրաժեշտ է մշակել բանաձև, որը թույլ կտա ունենալ Հայաստանի սահմանին գազի գնի ձևավորման կայուն և կանխատեսելի մեխանիզմ:

Միջկառավարական հանձնաժողովի նիստին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ռուսական կողմը քայլեր կձեռնարկի՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու դեպքում միգրացիոն քարտերում նշված նպատակի փոփոխությունն առանց երկրից դուրս գալու իրականացնելու հնարավորության ուղղությամբ: Պայմանավորվածության համաձայն, ռուսական կողմը նաև աշխատանքներ կիրականացնի աշխատանքային գործունեություն ծավալելու ընթացքում վարորդական իրավունքների փոխճանաչման ուղղությամբ օրենսդրական փոփոխության գործընթացն արագացնելու վերաբերյալ: