ՁԻՀ-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Ադիս-Աբեբայի համալսարանի համակարգչային գիտությունների բաժնի հետ (տեսանյութ)

Ապրիլի 3-ին պաշտոնական այցելությամբ Ադիս-Աբեբայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Եթովպիայի նորարարության և տեխնոլոգիայի նախարար Գետահուն Մեկուրիայի և նախարարության ներկայացուցիչների հետ։

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տեղեկացմամբ, Զոհրաբ Մնացականյանը և Գետահուն Մեկուրիան մտքեր են փոխանակել երկու երկրների միջև նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նախարար Մնացականյանը նշել է. «Մենք Եթովպիա ենք եկել շատ հստակ օրակարգով՝ ընդլայնելու, ամրապնդելու մեր երկու ազգերի միջև հարաբերությունները, որոնք շատ լավ են ճանաչում միմյանց և ունեն շատ ամուր պատմական կապեր: Եվ մենք հավատացած ենք, որ այս խոր արմատներ ունեցող բարեկամության հիման վրա կարող ենք կառուցել շատ ամուր հարաբերություններ երկու պետություների, երկու ժողովուրդների միջև: Դուք նշեցիք բարձր տեխնոլոգիաները որպես տնտեսական զարգացման հիմնական և կարևոր խթան. մենք նույնպես լիովին կիսում ենք այդ տեսլականը մեր երկրի զարգացման օրակարգում և հավատացած ենք, որ ներկայումս խելացի զարգացումը ամուր և կայուն զարգացման հիմքն է»:

Զրուցակիցներն անդրադարձել են ստեղծագործ կրթության և թվային օրակարգի շրջանակներում Հայաստանում կիրառվող փորձին և արձանագրված հաջողություններին՝ ի դեմս ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ցանցի և Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի (ANEL), շեշտելով այդ ոլորտներում փորձի փոխանակման համար համատեղ ծրագրերի նախաձեռնման անհրաժեշտությունը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ պատվիրակության կազմում հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ընդգրկումը հնարավորություն է ընձեռում առարկայական մտքերի փոխանակում իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և էլեկտրոնային կառավարման ոլորտներում եթովպական ընկերությունների հետ համագործակցության հեռանկարների և հնարավորությունների շուրջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները՝ հույս հայտնելով, որ եթովպական կողմը կդիտարկի այդ միջոցառմանը մասնակցելու հնարավորությունը:

Այնուհետև ոլորտային զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի պատվիրակության կազմում ընդգրկված Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը, Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միության ներկայացուցիչ, «Իստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը և «Iunetworks» ընկերության բիզնես զարգացման ղեկավար Լևոն Բաբայանը:

Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միության ներկայացուցիչը հայտնել է, որ միության վերջին հինգ տարիների ընթացքում այն մի քանի փոխադարձ այց էր կազմակերպել երկու երկրների միջև՝ կրթական, գիտական և պաշտպանական ուղղություններով համագործակցության նպատակով: Մասնավորապես՝ համաձայնություն է ձեռք բերվել Եթովպիայի ՏՏ նախարարության հետ՝ Եթովպիայի հիսուն դպրոցներում Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների տեղադրման ուղղությամբ: Այդ ծրագրի առնչությամբ Եթովպիայի ՏՏ նախարարը վստահություն է հայտնել, որ գալիք սերնդին անմասն չի թողնի քսանմեկերորդ դարի գիտատեխնիկական առաջընթացից:

«Iunetworks» ընկերության բիզնես զարգացման ղեկավար Լևոն Բաբայանն իր խոսքում ներկայացրել է Եթովպիայի հետ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները՝ մատնանշելով այդ ոլորտում Հայաստանի ձեռքբերումները և թափանցիկությունը: Լևոն Բաբայանը ներկայացրել է նաև նաև «Iunetworks» ընկերության լուծումներն էլեկտրոնային կառավարման ոլորտում և Հայաստանում դրանք կիրառելու փորձը:

Հանդիպման շրջանակներում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հուշագիր է ստորագրել Ադիս-Աբեբայի համալսարանի համակարգչային գիտությունների բաժնի հետ: Հուշագիրը նախատեսում է երկու երկրներում համատեղ կրթական, հետազոտական և ակադեմիական ծրագրերի անցկացում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկրների խաչաձև համագործակցություն, համատեղ նախագծերի իրականացում, այդ թվում` Ադիս Աբեբայի համալսարանում Ազգային ինժեներական լաբորատորիաների մոդելի (ANEL) ներդրում: