Կապանի 57-ամյա բնակիչը ՀՀ պետական սահմանով առաձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր է տեղափոխել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի՝ ՀՀ պետական սահմանով մաքսանենգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՔԿ լրատվական ծառայությունը։

Նախնական տվյալների համաձայն, 2019թ. մարտի 30-ին, ժամը 17:40-ին Կապան քաղաքի բնակիչը՝ ծնված 1961թ․, զուգագուլպաների արանքում տեղավորելու եղանակով պահել, փոխադրել և «Ագարակ» հսկիչ անցագրային կետով ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է անհայտ անձից ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով` 27 գրամ ընդհանուր քաշով 180 հաբ «Pregabalin 150» տեսակի, 9 գրամ ընդհանուր քաշով 60 հաբ «Pregasol 150», «Pregabalin» տեսակի և 2 գրամ ընդհանուր քաշով 10 հաբ «Tramadol» տեսակի թմրամիջոցներ:

Դեպքի առթիվ 2019թ. մարտի 30-ին  ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում:

Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննութունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։