Ամերիկյան պարբերականի եզրահանգումը՝ աշխարհում հայտնվել է Ռուսաստանի նոր «թռչող մղձավանջը»

Ռուսաստանյան նորագույն զինատեսակների մասին գրող արևմտյան լրագրողներն օրերս դարձյալ խուճապի են մատնվել։ Ամերիկյան «Foxtrot Alpha»-ն՝ սպառազինությունների մասին գրող արևմտյան առաջատար պարբերականներից մեկը, որոշել է գնահատել «Վեպր-12 մոլոտ» հրաձգային զենքով զինված ռուսաստանյան անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ)։

Պարբերականն այն անվանել է «թռչող մղձավանջ»։ Զինված ԱԹՍ-ի մշակումն իրականացվում է ՕՏՊ «Ալմազ-Անտեյ» պետական կոնցեռնի պատվերով։ «Foxtrot Alpha» -ն գրել է, որ «Ալմազ-Անտեյը» զբաղված է ռուսաստանյան ամենաժամանակակից զինատեսակների մշակմամբ, այդ թվում՝ 40N6 հրթիռների՝ հեռավոր գործողության С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրի (ԶՀՀ) համար, որն ամենակատարյալներից մեկն է աշխարհում։

Դժվարար է ասել, թե արևմտյան պարբերականն ինչու հանկարծ որոշեց միայն հիմա իր համար բացահայտել ՕՏՊ «Ալմազ-Անտեյը»։ Հետխորհրդային տարածքում գերազանց գիտեն, որ տվյալ պետական միավորումը տասնամյակներ շարունակ զբաղվել է հրթիռային մշակումներով։ Այն արդեն թողարկում է նաև С-500 «Պրոմեթեյ» զենիթահրթիռային համալիրներ, ընթանում են մշակումներ այդ ԶՀՀ-ների կատարելագործման ուղղությամբ, օրինակ՝ С-500 55Ռ6Մ և С-500 «Տրիումֆատոր-Մ»։ Իսկ եթե հավատանք ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն, ապա ՕՏՊ «Ալմազ-Անտեյն» արդեն մշակել է նաև С-600 և նույնիսկ С-700 ԶՀՀ-ներ։ Այդ մասին Ժիրինովսկին Ռուսաստանի հեռուստատեսությամբ հայտարարել է ոչ վաղ, քան 2018թ. հոկտեմբերին…

Վերադառնանք, սակայն, «Վեպր-12 մոլոտ»-ով զինված ԱԹՍ-ին։ Արևմտյան լրագրողները գնահատել են նշված զենքի օգտագործումը հրացանի կամ ատրճանակի փոխարեն։ Ոչ մեծ շարժվող թիրախների վրա կրակելիս այն շատ ավելի արդյունավետ է, քան հրազենի այլ տեսակից արձակված մեկ գնդակը։ Բացի այդ, «Foxtrot Alpha» պարբերկանին տպավորել է այն փաստը, որ տվյալ ԱԹՍ-ի վերելքի ու վայրէջքի համար պետք չէ երկար և նախապատրաստված թռիչքագիծ։ Լրագրողներին զգաստացրել է և այն, որ ռուսաստանյան նոր դրոնը, որը պաշտոնապես նախատեսված է այլ թռչող օբյեկտներին խփելու համար, տեխնիկապես հանդիսանում է անօդաչու կործանիչ։

«Թռչող, մարդու կողմից կառավարվող կարտեճային հրազենը, որը որսի է ելնում իր թիրախների հետևից, նոր, վախեցնող հեռանկար է։ Պատերազմն ինքնին սարսափելի է, բայց կարաբիններով զինված հազարավոր թռչող ռոբոտների պարսն է՛լ ավելի սարսափելի է դարձնում այն»,- ամփոփել են ամերիկյան հեղինակները։

«Foxtrot Alpha»-ի եզրահանգումն է՝ աշխարհում հայտնվել է Ռուսաստանի նոր «թռչող մղձավանջը»։

Պարզվում է, «Վեպր-12 մոլոտ»-ի մշակման վրա աշխատում են ոչ թե փորձառու և տարիներով իմաստնացած կոնստրուկտորներ ու տեխնիկներ, այլ ընդամենը… Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ՄԱԻ) ավիացիոն մոդելավորման Ուսանողական կոնստրուկտորական բյուրոյի անդամները։ Խոսք չկա, ՄԱԻ-ում բոլոր տասնամյակներում էլ եղել են բազմաթիվ տաղանդներ։ Բայց որ ուսանողական ԿԲ-ի մշակումը ստիպել է ԱՄՆ-ի փորձագետներին խոսել Ռուսաստանի նոր «թռչող մղձավանջի» մասին, կարծում ենք, նախադեպ դեռ չի ունեցել։

ՄԱԻ-ի ուսանողներն արդեն անցկացրել են «Վեպր-12 մոլոտ» ինքնալիցքավորվող կարաբինով զինված մարտական ԱԹՍ-ի թռիչքային փորձարկումները։ Փորձարկումների լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակել է «ՎԿոնտնկտե» սոցցանցի «Ռազմական իրազեկիչ» հանրությունը, ցանկացողները կարող են գտնել ու համոզվել։ «Վեպր-12 մոլոտ» հարթափող ինքնալիցքավորվող կարաբինով զինված ԱԹՍ-ն մշակվում է «թեյլսիթթեր» սխեմայով։ Այդպիսի սարքն ընդունակ է ուղղահայաց թռիչքի ու պոչի վրա վայրէջքի, ինչպես նաև ինքնաթիռի պես սրընթաց հորիզոնական թռիչքի։ Սարքը պոչամասում ունի ուղղահայաց կայունացուցիչներով թև և առջևի հորիզոնական կառավարելի փետրավորում։ Սարքավորված է նաև երկու էլեկտրաշարժիչներով՝ քաշող օդային պտուտակներով։ Էլեկտրոնային գործարկումով և 10 փամփուշտ պարունակող հանովի փամփշտատուփով կարաբինը տեղադրված է ալյումինե թեթև ֆյուզելյաժի ներսում։

Անօդաչու սարքն ունի նաև նշանառության հեռուստատեսային համակարգ, որի միջոցով օպերատորը կարող է նշանակետին ուղղել սարքը։ Ինչպես գրում է bmpd-ը, սարքն առաջին անգամ ներկայացվել է «Բանակ-2017» ֆորումում։ ԱԹՍ-ն ունի 23 կգ թռիչքային զանգված և թևերի 3 մետր բացվածք։ Թռիչքի տևողությունը կազմում է 40 րոպե։ Ի դեպ, բուն Ռուսաստանում ավիափորձագետները դեռևս դժգոհություններ են ներկայացնում նորույթին։ Նրանք, մասնավորապես, գրում են, որ ռուսաստանյան զինված սարքի բացահայտ թերությունը վատ վերահսկողությունն է շրջակա իրավիճակի նկատմամբ, քանի որ սարքի օպերատորի ստացած տեղեկատվությունը փաստացի հանգում է ուղեգծային տեսախցիկի հաղորդած տվյալներին։ Այդ դեպքում օպերատորը կարող է խփել ոչ միայն թիրախին, այլև կրակագծի վրա հայտնված այլ օբյեկտների, այդ թվում նաև՝ մարդկանց։ Բացի այդ, ինքնաթիռային սխեմայի ԱԹՍ-ներն ունեն, օրինակ, մուլտիկոպտերներին զիջող շարժունակություն, իսկ սահմանախախտ դրոնի չեզոքացումը կարող է վերածվել մերձամարտի՝ բարձրագույն պիլոտաժի տարրերով։ Թե որքանո՞վ արդյունավետ կարող է լինել կարաբինով զինված ԱԹՍ-ն խուսավարող թիրախներ խոցելիս, առայժմ պարզ չէ։

Այնուհանդերձ, «Foxtrot Alpha» (ԱՄՆ) պարբերականի անդրադարձը ռուսաստանյան հիշյալ նորույթին, կարծում ենք, վկայում է այն մասին, որ նրանք նոր սպառնալիքներ են տեսնում, եթե Ռուսաստանը զանգվածաբար գործարկի «Վեպր-12 մոլոտ» ԱԹՍ-ները։ Այո, ապագա պատերազմները սաստիկ կտարբերվեն նույնիսկ նրանից, ինչին աշխարհը կարող էր ականատես լինել 2014-19թթ. ռազմական գործողությունների ժամանակ։ Ամերիկյան պարբերականի՝ «կարաբիններով զինված հազարավոր թռչող ռոբոտներ» արտահայտությունը հասկացնել է տալիս վախի խորությունը։

 

Սերգեյ Շաքարյանց