Նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիական ոլորտում գործակցության հեռանկարները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերին և նոր Հայաստանի զարգացմանն ուղղված ԵՄ առաջիկա նախաձեռնություններին։

Նախարար Հակոբ Արշակյանը նշել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացի կարևորությունը, ընդգծել ապագայի ծրագրերի նկատմամբ ունեցած մեծ ակնկալիքներն ու արդյունավետ համագործակցության հեռանկարները։

Նախարարն անդրադարձել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի զարգացմանն ուղղված քայլերին, կրթություն-գիտահետազոտական ոլորտ-արտադրություն փոխկապակցվածության արդյունքում տնտեսության առաջընթացին ուղղված ծրագրերին, ինժեներական ոլորտի զարգացմանը միտված էկոհամակարգի ստեղծման գործընթացին։

Քննարկվել են նաև Հայաստանի թվային օրակարգի ձևավորման և մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև այդ գործընթացում ԵՄ ներգրավվածության հնարավորությունները:

Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը մեկ անգամ ևս ընդգծելով ԵՄ հետ գործակցության ընդլայնման կարևորությունը, նշել է, որ նոր իրավիճակում նոր հարաբերությունների զարգացման ճանապարհներ են բացվել, և հայկական կողմը պատրաստ է բազմակողմ և ընդլայնված համագործակցության։