Հայաստանի և Արցախի նախագահներն այցելել են «Կատարո» գինու գործարան (լուսանկարներ)

Աշխատանքային այցով Արցախում գտնվող  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ապրիլի 2-ին այցելել է Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող «Կատարո» գինու գործարան:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, Արմեն Սարգսյանը Բակո Սահակյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, որտեղ «Կատարո»-ի հիմնադիր տնօրեն Էդիկ Ավետիսյանը և որդին պատմել են իրենց անցած ճանապարհի և ապագա ծրագրերի մասին: Գործարանն Ավետիսյանների ընտանեկան բիզնեսն է։ Նրանք իրենց արտադրած գինին կոչել են Դիզափայտ սարի վրա գտնվող Կատարո վանքի անունով։

Էդիկ Ավետիսյանն ասել է, որ գինի սկսել են արտադրել 2002 թվականից: Նախագահ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Ավետիսյանների ընտանիքին։ Նշելով, որ գյուղի բնական պայմանները հրաշալի են խաղողագործության և գինեգործության համար, Արմեն Սարգսյանն հավելել է. «Ցանկացած գործի հաջողության համար շատ կարևոր են հոգին ու սերը, իսկ դուք այն ներդնում եք»։

Ավետիսյանները նախագահ Արմեն Սարգսյանին գինի են հյուրասիրել։ Համտեսն ամփոփվել է կենաց-մաղթանքով. «Խաղաղություն այս հողին ու ջրին, հիշենք բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին և շարունակում են ապրել անմահության մեջ»։

Այնուհետև երկու հայկական պետությունների նախագահները շրջել են Տող գյուղում, որը հարուստ է պատմական հուշարձաններով, եղել են մելիքական ամրոցում և թեյի սեղանի շուրջ զրուցել տողեցիների հետ։