Եթե Օրբելյանը նեղանա ու գնա, ո՞վ է շահելու, այդ թղթի կտորը փակցնելու ենք ճակատներիս ու ասենք՝ օրենքի տառի՞ն հետևեցինք (տեսանյութ)

Նախորդ և դեռևս այս շաբաթվա առավել քննարկվող թեմաներից մեկը Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու մասին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի որոշումն է, որը, կարծես թե, մշակույթի ոլորտի շատ ներկայացուցիչների, արվեստագետների համբերության բաժակը լցնող վերջին կաթիլն է։

LIVEnews.am-ի տաղավարում դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանն անդրադառնալով վերոնշյալ որոշմանը, ասաց, որ մշակույթի գործիչների դժգոհության պատճառը Նազենի Ղարիբյանի՝ ոլորտից անտեղյակությունն է, սրտացավության բացակայությունը, անտարբերությունը։

«Մշակույթի ոլորտն արդեն որերորդ ամիսն է, գտնվում է անտեղյակ մարդկանց ձեռքում, որոնք գաղափար չունեն ինչ է թատրոնը, ինչպես է այն ղեկավարվում, որն է այդ ոլորտում առաջնայինը, և որը՝ երկրորդայինը,- ասաց Վիգեն Ստեփանյանը։- Սա է խնդիրը։ Մշակույթի նախարարի պաշտոնակատարն անգամ չգիտի, թե ինչ է «Արտավազդ» մրցանակը, որին արժանացել է Կոնստանտին Օրբելյանը»։

Դերասանը խոսեց նաև ՊՈԱԿ-ների մասին օրենքի խախտման մասին, որի հիմքով Կոնստանտին Օրբելյանին ազատել են տնօրենի պաշտոնից, և որի համաձայն, մեկ անձը չի կարող միաժամանակ լինել և գեղարվեստական ղեկավար, և տնօրեն։ Ըստ Վիգեն Ստեփանյանի, եթե դա օրենքի այդքան կոպիտ խախտում է, ապա ինչո՞ւ Լիլիթ Մակունցը ՀՀ մշակույթի նախարար եղած ժամանակ Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանին նշանակեց նույն թատրոնի ժամանակավոր գեղարվեստական ղեկավար։ Մեր զրուցակցի դիտարկմամբ, նախարարն այդպիսով օրենք է խախտել, թեկուզև նշանակումը ժամանակավոր է համարել։ Անգամ այդ դեպքում, ինչպես նշեց դերասանը, ժամանակավոր գեղարվեստական ղեկավար չի լինում։

Վիգեն Ստեփանյանը հորդորեց չնեղացնել այն տաղանդավոր մարդկանց, որոնք լծվել են երկիրը զարգացնելու, մշակույթն ապրեցնելու գործին, քանի որ դրանից մենք ոչ թե կշահենք, այլ հաստատապես կտուժենք։

«Եթե Կոնստանտին Օրբելյանը նեղանա ու գնա, դրանից ո՞վ է շահելու՝ թատրո՞նը, հանդիսատե՞սը, հայ արվե՞ստը,- ասաց մեր զրուցակիցը։- Ի՞նչ է, այդ թղթի կտորը փակցնելու ենք ճակատներիս ու ասենք՝ փոխարենն օրենքի տառի՞ն հետևեցինք»։