Մահացել է Հայ դատի պաշտպան, իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանը

Մարտի 31-ին, 81 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է իսպանացի ճանաչված լրագրող, մտավորական, Հայ դատի պաշտպան ու հայ ժողովրդի բարեկամ Խոսե Անտոնիո Գուռիարանը:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, 1980 թվականին հայտնի իսպանացի լրագրող, մտավորական, հումանիստ Խոսե Անտոնիո Գուռիարանը գնացել էր Մադրիդի Գրան Վիա պողոտայի վրա գտնվող «Պոմպեյա» կինոթատրոնում Վուդի Ալենի նոր ֆիլմը դիտելու: Մինչ սպասում էր տիկնոջը, իր գտնման վայրից ոչ հեռու ռումբ պայթեց:   Գուռիարանն` այն ժամանակ «Պուեբլո» թերթի փոխտնօրենը, անմիջապես խմբագրություն է զանգահարում, որպեսզի այնտեղից թղթակից ուղարկեն պատահարը լուսաբանելու: Բայց հենց նույն պահին, երբ նա խոսում էր տակավին, մեկ այլ ռումբ էլ հեռախոսի այն խցիկում պայթեց, որտեղից նա կապնվել էր իր գործընկերների հետ:

Շատ մեծ դժվարությունների գնով բժիշկներին հաջողվում է փրկել մարդու կյանքը, բայց դրանից հետո նա ցմահ հաշմանդամ դարձավ: Առաջին հարցը, որ հուզում էր հրաշքով փրկվածին, այն էր, բնականաբար, թե ովքե՞ր էին այդ գործողության հեղինակները և ի՞նչ հստակ պահանջներ ունեին նրանից: «Մի խումբ երիտասարդներ` ԱՍԱԼԱ-ից»,- պատասխանում են ապաքինվողին:

Ի՞նչ է ԱՍԱԼԱ-ն, ի՞նչ է Հայաստանը` գաղափար իսկ չուներ: Գիտեր միայն, որ նույն անվանունով մի հանրապետություն կա Խորհրդային Միության կազմում: Սկսեց ակտիվորեն հետաքրքրվել դեպքով, հայերի կոտորածների հարցով, Հայաստանի պատմության էջերով և խնդրեց հանդիպում ոչ թե կատարողների, այլ ԱՍԱԼԱ-ի պատասխանատուների հետ:

Որոնումների այդ ընթացքում կապ է հաստատում ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեդջյանի հետ, որն հիշյալ օրերին նաև լայն ճանաչում վայելող իրավաբան էր, և շնորհիվ վերջինիս միջնորդության՝ հանդիպում է կազմակերպվում Բեյրութում` Մոնթե Մելքոնյանի և Ալեք Ենիգոմշյանի հետ:

Մի առ ժամանակ անց լույս է տեսնում Գուռիարանի «La bomba» («Ռումբը») գիրքը: Թուրքերը, որոնք սպասում էին նորաթուխ հայատյացի դիրքերից հանդես եկող հրապարակախոսի, հիասթափված էին` գրքի էջերում հեղինակն առաջին անգամ իսպանական իրականության մեջ բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության փաստը՝ բացահայտորեն հանդես գալով հայասերի դիրքերից և իր ընթերցողին համառոտ կերպով ծանոթացնելով հայ ժողովրդի անցած պատմական ուղուն:

Իր հետ պատահածի ու Հայոց ցեղասպանության մասին Գուռիարանը 2 գիրք է գրել՝  «La bomba» (Ռումբը) և «Հայերը. մոռացված ցեղասպանություն»: Վերջին գրքի հիման վրա ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով 2015 թվականին նկարահանել է «Մի խենթի պատմություն» ֆիլմը, որը ցուցադրվել է Կաննի փառատոնում: Դրանում ռեժիսորն անդրադարձել է «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ASALA) գործունեությանը:

Այս ֆիլմով է մեկնարկել նաև «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնը:

Խոսե, Անտոնիո, Գուռիարան, Հայաստան, «Ոսկե ծիրան», կինոփառատոն, ԱՍԱԼԱ, ASALA, Հայոց ցեղասպանություն, Բեյրութ, Մոնթե Մելքոնյան, Հայ, դատ, իսպանացի, լրագրող, Կաննի, փառատոն, Հայերը. մոռացված ցեղասպանություն, «Ռումբը», գիրք

Աղբյուրը՝ Hayernaysor.am (http://hayernaysor.am/archives/307243?fbclid=IwAR0NAgb5hnAd8pnr7I9D4X8CVIntMX-TiSU4_h8rFEfzfEKMI9OU8pRzBrk#.XKMFFf0ch4c.facebook