«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի պատասխանատուն անտեղյակ էր, որ ՏՄՊՊՀ-ն մերժել է իրենց բողոքը, բայց չզլացավ դիտողություն անել

LIVEnews.am-ն արդեն մի քանի հրապարակումներով (http://livenews.am/press/2019/5088/16/21/10/, http://livenews.am/press/2019/4319/05/21/40/, http://livenews.am/press/2019/6481/05/21/10/) անդրադարձել է մեզանում ջրամատակարարման ու ջրահեռացման ոլորտում կառավարում ստանձնած «Վեոլիա ջուր» ընկերության անպարտաճանաչ ու անբարեխիղճ գործունեությանը, ինչպես նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից ընկերության նկատմամբ վարչական վարույթի որոշ մանրամասների՝  նշելով, որ ֆրանսիական ընկերությունը բողոքարկել է այդ վարույթը՝ փորձելով անաղարտ պահել իր համաշխարհային վարկանիշը, ինչի մասին իրենց հայտարարություններում սիրում են շեշտել «Վեոլիա ջրի» ղեկավարները։

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության նկատմամբ 2018թ․ վարչական վարույթ էր սկսել՝ շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում գործի փաստական հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության, ձեռք բերված փաստաթղթերի, դիրքորոշումների և այլ ապացույցների հետազոտման և գնահատման արդյունքում հանձնաժողովը 2018թ․ նոյեմբերի 7-ի թիվ 164-Ա որոշմամբ «Վեոլիա ջուր» ընկերության գործողությունները և վարքագիծը որակել է որպես գերիշխող դիրքի չարաշահում, որի համար ֆրանսիական ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք 20 մլն դրամի չափով։

Պատճառն այն է, որ, ըստ հանձնաժողովի, ջրաչափերի արտադրությամբ զբաղվող «Արազեն» հայ-գերմանական համատեղ ընկերությունը ֆրանսիական ընկերության մեղքով հայտնվել է ոչ մրցակցային իրավիճակում ու դադարեցրել գործունեությունը, ինչի համար էլ դիմել էր ՏՄՊՊՀ-ին՝ տեղեկացնելով, որ «Վեոլիա ջրի» անօրինական գործողությունների հետևանքով դուրս է մղվել շուկայից և անգործության մատնվել, մինչդեռ մեկ տարվա ընթացքում ընկերությունն արտադրել էր ավելի քան 30 000 ջրաչափ, որոնք, փաստորեն, չեն իրացվել։ Ջրաչափերի ձեռքբերումը բաց և հրապարակային իրականացնելու դեպքում ընկերությունը հնարավորություն կունենար առաջարկելու և իրացնելու իր արտադրած ջրաչափերը, որոնց վաճառքի համար ՀՀ-ում այլընտրանքային շուկաներ չկան: ՏՄՊՊՀ-ի դիտարկմամբ, «Վեոլիա ջուրն» ունենալով մենաշնորհային դիրք, մեր երկրում ջրաչափերի նկատմամբ հիմնական պահանջարկ ներկայացնող տնտեսվարողն է, հետևապես պարտավոր է այդ շուկայի բոլոր տնտեսվարողների համար ապահովել հավասար մրցակցային պայմաններ, սակայն ջրաչափերի մատակարար ընկերությունների ընտրությունը կատարել է կամայական սկզբունքով։

Նշենք նաև, որ հարուցված վարչական վարույթի շրջանակներում հանձնաժողովը դիմել է «Վեոլիա ջուր» ընկերությանը, որպեսզի վերջինս ներկայացնի տեղեկատվություն, թե ինչ չափորոշիչների և սկզբունքների հիման վրա են ընտրվում ջրաչափերի մատակարար ընկերությունները: Որևէ հստակ չափորոշիչ, սակայն, չի ներկայացվել: Հանձնաժողովը միաժամանակ պահանջել է, որպեսզի «Արազեն» ընկերությունը ներկայացնի իր արտադրած բնակարանային ջրաչափերի որակը հավաստող փաստաթղթերը, ինչն արվել է և պարզվել է, որ դրանք համապատասխանում են օրենքով սահմանված որակական չափորոշիչներին։

Ավելին․ «Արազեն»-ի հայ-գերմանական համատեղ արտադրության ջրաչափեր ձեռք բերելը գնային առաջարկի առումով ավելի շահավետ է։ Համաձայն ուսումնասիրության, «Վեոլիա ջրի» ներկրած ջրաչափերը գնային առումով որոշ դեպքերում եռակի գերազանցում են տեղական շուկայի նույնաբնույթ արտադրանքի գներին: Ստացվում է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ջրաչափերի ներկրումն  իրականացրել է առավել բարձր գներով, երբ կարող էր դրանք շատ ավելի մատչելի գնով ձեռք բերել տեղական շուկայում գործող տնտեսվարողներից, տվյալ պարագայում՝ «Արազեն» ընկերությունից:

«Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարությունը, չընդունելով ՏՄՊՊ հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները, նոյեմբերի 26-ին հանձնաժողով էր ներկայացրել վարչական բողոք, որով պահանջել էր անվավեր ճանաչել ՏՄՊՊՀ-ի  նոյեմբերի 7-ի որոշումը։ Հանձնաժողովը բողոքի հիման վրա, օրենքով սահմանված կարգով, վարչական վարույթ էր հարուցել։ Այդ կապակցությամբ հրավիրված նիստերին ներկա են եղել երկու կողմերի՝ «Վեոլիա ջուր» և «Արազեն» ընկերությունների ներկայացուցիչները։

Օրերս մենք հեռախոսով կապվեցինք «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանի հետ, որպեսզի պարզենք, թե ո՞ր փուլում է բողոքարկումը, ինչին ի պատասխան, նա հայտնեց, թե գործընթացը դեռ չի ավարտվել, քննարկումներն ընթանում են, և դեռ ՏՄՊՊՀ-ն վերջնական որոշում չի կայացրել։

«Մենք վիճարկել էինք ՏՄՊՊՀ-ի կայացրած որոշումը, և այդ գործընթացն այժմ էլ շարունակվում է, վերջնական որոշում դեռ չկա, ուստի հստակ ոչինչ չեմ կարող ասել,- մեզ հետ հեռախոսազրույցում հայտարարեց ընկերության մամուլի պատասխանատուն։- Ամեն դեպքում, մեր դիրքորոշումը հստակ է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը հայաստանյան օրենսդրությունը չի խախտել։ Հանձնաժողովն էլ հաշվի առնելով, որ իր որոշումը բողոքարկման փուլում է գտնվում, մեկնաբանություններ անելիս շատ կոռեկտ է, պատշաճ է պահում իրեն, ինչը ողջունելի է։ Երբ ավարտվի գործընթացը, պարզ կդառնա՝ իրե՞նք էին ճիշտ իրենց դիրքորոշմամբ, թե մենք, որ հայտարարում ենք, որ մեր ընկերությունը հայաստանյան որևէ օրենսդրություն չի խախտել»։

Մուրադ Սարգսյանի պատասխանն առնվազն զարմանք է հարուցում ու տպավորություն ստեղծում, որ «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուն տեղյակ չէ ընկերության հետ կապված գործընթացներից, քանի որ չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է ներկայացնում, կամ էլ, միգուցե տեղյակ լինելով հանդերձ, փորձում էր մոլորեցնել հանրությանը՝ ընկերության անբիծ վարքագծի մասին պնդումներ անելով, բայց իրականում «Վեոլիա ջուր» ընկերության վարկանիշի հետ խաղալով։

Ինչպես մեզ տեղեկացրին «Արազեն» ընկերության սեփականատեր Արա Սանթրոսյանը և ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը, հանձնաժողովը 2019թ․ փետրվարի 22-ին դռնբաց նիստում քննարկելով «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայացրած վարչական բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքները, վարչական բողոքը մերժել է։ Դրան, սակայն, «Վեոլիա ջուր» ընկերությունը որևէ կերպ չի անդրադարձել։ Վստահ եմ, եթե ՏՄՊՊՀ-ն բավարարեր իրենց բողոքը, ի լուր աշխարհի կհայտարարեին այդ մասին։

Երբ վարչական բողոքը մերժելու վերաբերյալ ՏՄՊՊՀ-ի կայացրած որոշման մասին հայտնեցինք Մուրադ Սարգսյանին, նա ասաց, որ տեղյակ չէ դրանից, մի պահ կարկամեց, այնուհետև սկսեց իրավիճակը փրկելու համար արդարացումներ փնտրել՝ խոսքը փոխելով, թե, հնարավոր է, այդ որոշումը հանձնաժողովն է կայացրել, բայց բողոքի ընթացքը դրանով չի ավարտվում, և, անկախ հանձնաժողովի կայացրած որոշումից, «Վեոլիա ջուր» ընկերությունը պատրաստվում է դիմել վարչական դատարան՝ նույն վարչական վարույթը բողոքարկելու համար և ապացուցելու, որ իրենք օրինախախտ ընկերություն չեն։

Հեռախոսազրույցի վերջում Մուրադ Սարգսյանը չմոռացավ դիտողություն անել մեզ, թե «մենք լիարժեք տեղեկության չենք տիրապետում»։ Մինչդեռ, ինչպես ակնհայտ է վերը շարադրվածից, հենց ընկերության մամուլի քարտուղարը, լավագույն դեպքում, անտեղյակ էր ՏՄՊՊ հանձնաժողովի որոշումից և ապատեղեկատվություն էր ներկայացնում։

Ավելին․ ֆրանսիական ընկերության մամուլի պատասխանատուն հանդես եկավ նաև  ընկերության կողմից ավելի վաղ հրապարակված հայտարարությանը հակասող հայտարարությամբ։ Նշեմ, թե խոսքն ինչի մասին է։ ՏՄՊՊՀ-ի կողմից «Վեոլիա ջուր» ընկերության նկատմամբ վարչական վարույթ իրականացնելու մասին մեր հրապարակումից հետո, որում Գայանե Սահակյանը մեզ հետ զրուցելիս տեղեկացրել էր հիշյալ ՓԲԸ-ի նկատմամբ վարույթ իրականացնելու պատճառների մասին, «Վեոլիա ջուրն» իր կայքում հրապարակել էր հետևյալ հայտարարությունը․ «Օրերս livenews.am լրատվական կայքին տված հարցազրույցում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՀՀ ՏՄՊՊՀ) ներկայացուցիչն անդրադարձել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ կողմից ջրաչափերի գնման գործընթացին, ներկայացնելով այն որպես կամայական սկզբունքներով դրանց մատակարարների ընտրություն: Ավելին, Հայաստանի ջրմուղ համակարգերի օպերատոր կազմակերպությունը մեղադրվել է բարձր գնով ջրաչափեր ձեռք բերելու մեջ՝ ներդրումների մեծ ծավալներ ներկայացնելու և այդ ճանապարհով համակարգում առկա մյուս խնդիրների լուծման վրա ներդրումներ կատարելու պարտավորությունից ազատվելու նպատակով:

Այս կապակցությամբ «Վեոլիա ջուր» ՓԲԸ հարկ է համարում իրազեկել հանրությանը, որ նշված հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ընկերությունը ևս մեկ անգամ հայտարարում է՝ ջրաչափերի մատակարարների ընտրությունն իրականացվում է հստակ չափորոշիչների հիման վրա, որի մասին տեղեկացված են ՀՀ ՏՄՊՊՀ-ն ու այլ պատկան մարմիններ, և լի է վճռականությամբ պաշտպանել սեփական տեսակետը՝ ի շահ ընկերության գործարար համբավի ու բաժանորդների:

Ու քանի դեռ ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշումը գտնվում է բողոքարկման փուլում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, «Վեոլիա ջուր» ընկերությունը կոռեկտ չի համարում խնդրի հետագա շահարկումը և մերժում է ամեն մի մեղադրանք իր հասցեին՝ անբարեխիղճ աշխատանքի ու ստանձնած պարտավորությունների կատարումից խուսափելու վերաբերյալ»:

Սակայն, մեզ հետ հեռախոսազրույցում Մուրադ Սարգսյանն անդրադառնալով ՏՄՊՊՀ-ի իրավասուների կողմից տրված պարզաբանումներին, ասաց, որ հանձնաժողովի մեկնաբանությունները շատ կոռեկտ են, պատշաճ, ինչը ողջունելի է։

Ի դեպ, ընկերության հերքման վերաբերյալ նշենք, որ մեր հրապարակած հոդվածում «անմեղության կանխավարկածը» չէինք խախտել, քանի որ ՏՄՊՊՀ ներկայացուցիչը նշել էր միայն, թե հանձնաժողովն ինչ հիմքով է տուգանք նշանակել ֆրանսիական ընկերությանը։ Ընդ որում, վարչական բողոքը մերժելով, ՏՄՊՊՀ-ն, կարծում ենք, փաստեց, որ  «Վեոլիա ջուրն» իսկապես խախտումներ է թույլ տվել։

Անդրադառնանք «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացրած վարչական բողոքին։ Ըստ ՏՄՊՊՀ-ի, «Վեոլիա ջուր» ընկերության պնդմամբ, սխալ են գնահատվել ջրաչափերի իրացման երկրորդ շուկայի աշխարհագրական սահմանները, որոնք ավելի լայն են, քան Հայաստանի տարածքը։ Այդպիսով «Վեոլիա ջուրը» փորձել է արդարանալ, թե տեղական տնտեսվարողին շուկայից դուրս չի մղել։ Սակայն, ՏՄՊՊՀ-ի հավաստմամբ, ընկերության տվյալ պնդումն անհիմն է, քանի որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերության համաձայն, ապրանքային շուկան սահմանվում է որպես որոշակի տարածքում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ոլորտ, որի սահմանները որոշվում են գնորդի կողմից համապատասխան տարածքում ապրանքի ձեռքբերման տնտեսական կամ այլ հնարավորություններով և նպատակահարմարությամբ և դրա սահմաններից դուրս այդպիսի հնարավորությունների և նպատակահարմարության բացակայությամբ։ Ապրանքային շուկան բնութագրվում է ապրանքատեսակային և աշխարհագրական սահմաններով, դրա սուբյեկտների կազմով և ծավալով։

ՏՄՊՊՀ-ն իրականացրել է  ոլորտի ուսումնասիրություն և սահմանել է երկու տարբեր շուկաներ՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման և ջրաչափերի իրացման ապրանքային շուկաները։ Հանձնաժողովը համարել է, որ  առաջին շուկայում «Վեոլիա ջուրն» ունի մենաշնորհային դիրք, իսկ ջրաչափերի իրացման ապրանքային շուկայում ապրանքատեսակային սահմանը հատկորոշվել է խմելու սառը ջրի DN 15 և DN 20 մմ տրամագծով հաշվիչ սարքերի՝ ջրաչափերի միջոցով, քանի որ խմելու ջրի հաշվառքի համար  տեղադրվում են 15 և 20 մմ տրամագիծ ունեցող ջրաչափեր։ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից ևս տեղադրվել են այդ տրամագիծն ունեցող սարքեր, որոնք գործառութային առումով փոխադարձ փոխարինելի են և համադրելի են ըստ գործածական նշանակության և կիրառման։

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ պարբերության համաձայն, ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը որոշվում է որպես հանձնաժողովի որոշմամբ սահմանված՝ որոշակի աշխարհագրական տարածք, որի շրջանակներում գնորդի  համար տնտեսապես հնարավոր և նպատակահարմար է  ձեռք բերել տվյալ ապրանքը և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքը և առկա չէ այդ հնարավորությունն ու նպատակահարմարությունը տվյալ տարածքից դուրս։ Ջրաչափերի իրացման ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը սահմանվել է ՀՀ ողջ տարածքը, քանի որ ջրաչափերի ձեռբերումն այդ տարածքում գնորդի համար տնտեսապես հնարավոր է, տնտեսապես նպատակահարմար է և տվյալ տարածքից դուրս գնորդի համար այն ձեռք բերելը տնտեսապես անհնարին է ու ոչ նպատակահարմար։

ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնոդի համար տնտեսապես հնարավորությունն առկա է, քանի որ «Արազեն» ընկերությունը հանձնաժողով է ներկայացրել 2002թ․ հունվարի 14-ին կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչութան կողմից տրամադրված լիցենզիայի պատճենը՝ անժամկետ գործունեության ժամկետով, որով ընկերությանը թույլատրվում է  սառը և տաք ջրի ETK-A, ETW-A տեսակի թևավոր հաշվիչներ արտադրել ու նորոգել։

«Արազեն» ընկերությունը ներկայացրել է նաև 2018թ․ մարտի 7-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտի» կողմից տրված արտոնագրի պատճենն այն մասին, որ փորձարկումների դրական արդյունքի հիման վրա հաստատված է հաշվիչների թևիկավոր, միաշիթ, չորընթաց սառը և տաք ջրի  GSD Series տեսակը, որն արտադրում է «Արազեն»  ընկերությունը, և թույլատրված է դրանք կիրառել ՀՀ-ում։ Այդ արտոնագիրը գործում է մինչև 2023թ․։

Այսպիսով «Արազեն» ընկերության արտադրած ջրաչափերը որակապես բավարարում են օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պահանջներին։ Ընդ որում, «Վեոլիա ջուր» ընկերության կողմից ևս որևէ բողոք չի ներկացվել «Արազենի» արտադրած ջրաչափերի որակական հատկանիշների վերաբերյալ։ Այսինքն՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը տնտեսապես հնարավորություն է ունեցել Հայաստանում ձեռք բերելու իրեն անհրաժեշտ ապրանքը։

Երկրորդ հատկանիշը՝ գնորդի համար տնտեսապես նպատակահարմարությունը, նույնպես առկա է, քանի որ «Վեոլիա ջուրը» 15 մմ և 20 մմ տրամագիծ ունեցող ջրաչափերը ձեռք է բերել ավելի  բարձր գնով՝ այն դեպքում, երբ շուկայում առկա էր  ավելի ցածր գնով այդպիսի ապրանքի առաջարկ շուկայի մասնակիցների, այդ թվում՝ «Արազենի»  կողմից։ Ուսումնասիրության արդյունքներով 2017թ․ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից ներմուծված DN 15 մմ տրամագծով ջրաչափերի միավորի ներմուծման ինքնարժեքը կազմել  է մոտ 8424 դրամ, իսկ DN 20 մմ տրամագծով ջրաչափերինը՝ 9460 դրամ։ Մինչդեռ, տեղական շուկայում նույն ժամանակահատվածում իրացված նույն կարգի ջրաչափերի միջին կշռված գները տատանվում են 3028 դրամից 7060 դրամի սահմաններում։

2018թ․ հունվար-հունիս ամիսների ընթացքում «Վեոլիա ջուր» ընկերության ներմուծած 15 մմ տրամագծով ջրաչափերի  միավորի ներմուծման ինքնարժեքը կազմել է 10 019 դրամ, իսկ 20 մմ տրամագծով ջրաչափերինը՝ 10 907 դրամ։ Այսինքն՝ ընկերությունը ջրաչափերի ներկրումներն իրականացրել է անհամեմատ բարձր գներով։

Երրորդ պայմանը՝ տվյալ տարածքից դուրս գնորդի համար ջրաչափերի ձեռքբերման աննպատակահարմարությունը, հիմնավորվել է ձեռքբերման գներով, քանի որ ֆրանսիական ընկերությունը ջրաչափերը դրսից ձեռք է բերել ավելի բարձր գներով։

 

Թագուհի Ասլանյան