Ինչու է «լռում» Արևմուտքը, եթե Ռուսաստանը չի թաքցնում ճշմարտությունը…

Մեր ուշադրությունը գրավեց սիրիական պատերազմի մի տարօրինակ, բայց հետաքրքիր դրվագ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջերս հաղորդեց, որ փետրվարի վերջին հատուկ գործողությունների ռուսաստանյան ուժերի (ՀԳՈՒ) անհայտ կորած երեք սպաները, այնուամենայնիվ, զոհվել են։ Այդ խոստովանությունից մեկ օր անգամ չէր անցել, երբ սիրիական, իրանական և ռուսաստանյան ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ՌԴ ՀԳՈՒ-ն ոչնչացրել է փետրվարին անհայտ կորած երեք սպաների սպանության մեջ կասկածվող 30 ահաբեկիչների։

Մարտի 27-ին ռազմական հետախուզության վետերան, պահեստազորի գնդապետ Վլադիմիր Կոշելյովը մեկնաբանեց ՌԴ Պաշտպանության նախարարության հայտարարությունը Սիրիայում դարանն ընկած ռուսաստանյան զինվորականների մահվան մասին։ Նրա կարծիքով, ոչնչացված գրոհայինների մասին տվյալները վկայում են, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից հետաքննվող այդ միջադեպը կարող է լինել «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին ռուսական շարասյան մասին տեղեկությունների դավաճանական հաղորդման հետևանք։

«Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում ասվում է, որ զոհված զինծառայողներով մեքենան ինչ-որ պատճառով դուրս է եկել շարասյան կազմից,- ասել է Վլադիմիր Կոշելյովը։- Մանրամասները չեն հաղորդվում։ Բայց ինձ համար, որպես զինվորականի, ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ դա գործող կանոնադրությունների և դրույթների խախտում է։ Կան որոշակի նորմատիվ հրահանգներ շարասյուների շարժման վերաբերյալ, որոնք հրամանով տրվում են խմբավորմանը։ Քանի որ մենք գերազանց հասկանում ենք, որ տարածքում վխտում են սև տղերքը, որոնք խաղաղ բնակիչներ են ձևանում։ Դրա հետ մեկտեղ, վստահ եմ, այնտեղ հետաքննություն կանցկացվի։ Եվ ես չէի ցանկանա դրա մեղքը բարդել տվյալ մարդկանց վրա։ Ուրեմն եղել են արտակարգ հանգամանքներ, որոնք ստիպել են այդպես վարվել»։

Դատելով զոհվածների զինվորական աստիճաններից, նրանք դիլետանտներ չէին և ոչ էլ զինվորական համազգեստով «տաքարյուն պատանիներ», ընդգծել է Կոշելյովը։

«Ուրեմն եղել են ինչ-որ հանգամանքներ, որոնք դրդել են տվյալ որոշմանը,- ասել է հետախուզության վետերանը։- Ինչ վերաբերվում է գրոհայինների խմբի ոչնչացմանը, դա արդեն հետևանքն է։ Այնտեղ կարելի է ոչնչացնել 30 գրոհայինների, կարելի է 100-ի, կարելի է 200-ի։ Դատելով մեր զինծառայողների մահվան նախորդ դեպքերի վերլուծությունից, եղել են տարբեր հանգամանքներ։ Բայց վերցնենք, մասնավորապես, մեր գեներալ-լեյտենանտ Աստապովի մահը, որի հետ ժամանակին անձամբ ծանոթ եմ եղել. այդտեղ չափազանց լուրջ կասկածներ կան, որ մեր շտաբի, մեր խորհրդատուների գտնվելու վայրի մասին հակառակորդին տեղեկություններ են հաղորդվել Սիրիայի Հանրապետությունում անօրինական հիմունքներով գտնվող և ԱՄՆ-ի գլխավոր հրամանատարությանը ենթարկվող այդ քնքուշ կոալիցիայի տիեզերական և ավիացիոն հետևող միջոցների օգնությամբ»։

Կատարվածի առավել հավանական վարկածը, ըստ պահեստազորի գնդապետի, այն է, որ տեղացուցողները եղել են «զգեստափոխված» մարդիկ;

«Այսինքն՝ նրանք նախկինում եղել են ԻՊ-ից, իսկ հիմա համաձայնվել են հաշտվել ռեժիմի հետ՝ զենքը վայր դնելու պայմանով,- ասել է Կոշելյովը։- Համալրել են սիրիական բանակի շարքերը և, այդուհանդերձ, տեղեկատվություն են փոխանցում ԻՊ-ին․․․ Ստացվում է, որ կան ոչնչացված 30 գրոհայիններ։ Նրանց պատկանելությունը պարզելը բարդ չէ, եթե պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ մեղավորները բացահայտված են։ Նրանք, հավանաբար, պետք է բարձրաձայնեն, թե ում ձեռքի գուրծն է դա»։

Հետախուզության վետերանը նշել է, որ, դատելով ՌԴ պաշտպանության նախարարության հաշվետվություններից, 2014 թվականից ի վեր, Սիրիայում զոհվել են արդեն մոտ 100 ռուսաստանյան զինծառայողներ։

Ռազմական փորձագետ-քաղաքագետ, «Ռուսաստանի սպաներ» համառուսաստանյան կազմակերպության փորձագիտական խորհրդի անդամ Ալեքսանդր Պերենջիևի ուշադրությունը գրավել է այդ պատմության մեկ այլ նրբերանգ։ Նրա խոսքերով, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սիրիայի երկնքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի թռիչքի տեսանյութը ՝ «Խմեյմիմ» ռազմակայանից օդ բարձրացած չորրորդ սերնդի Սու-35Ս գերխուսավարող կործանիչների ուղեկցությամբ։ Ինչպես ճշտել է ՊՆ-ը, Շոյգուն Սիրիայի Հանրապետություն էր այցելել, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ հանդիպում ունենա Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ ու նրան հանձնի Ռուսաստանի ղեկավարի ուղերձը, որի բովանդակությունը գաղտնի է պահվում։ Այնուհանդերձ, հայտնի է, որ դրանից հետո Սիրիայի նախագահն արտակարգ այց կատարեց Իրան և այնտեղ ինտենսիվ բանակցություններ անցկացրեց ԻԻՀ-ի բարձրագույն ղեկավարության և ռազմական հրամանատարության հետ։

Փորձագետ Պերենջիևը «Sputnik» ռադիոյի եթերում ընդգծել է որ Շոյգուի այցը և նրա «տեսչական» թռիչքը Սիրիայի վրայով տեղի ունեցան հենց այն բանից առաջ, երբ ռուսաստանյան ՀԳՈՒ-ն ոչնչացրեց երեք սպաների մահվան համար մեղավոր ահաբեկիչներին։ Պերենջիևի կարծիքով, այդ թռիչքով նախարարը ազդանշան ուղարկեց հակառակորդներին՝ ցուցադրելով, որ անձամբ է ղեկավարում այդ երկրի տարածքում ՌԴ ՕՏՈՒ-ի և ՀԳՈՒ-ի ռազմական գործողությունը, ինչպես նաև զբաղվում երկու պետությունների զինծառայողների հետագա գործողությունները հանրապետության ղեկավարության հետ համաձայնեցնելով։

«Դա ազդանշան է Սիրիայում մեր հակառակորդներին, որոնք, ըստ էության, խանգարում են խաղաղություն հաստատել այնտեղ,- ասել է Պերենջիևը։- Նախազգուշացում, որ Ռուսաստանի զինվորական ղեկավարության առաջին դեմքերը հստակ գիտեն իրավիճակը, և պաշտպանության նախարարն անձամբ է վերահսկում այն։ Սերգեյ Շոյգուն կաբինետային աշխատող չէ, այլ իսկական զորավար, որը գիտի վառոդի հոտը»։

Ռազմական փորձագետ-քաղաքագետի կարծիքով, այդ տեսանյութը ցուցանիշ է ծառայում, որ պաշտպանության նախարարության ղեկավարը միշտ պատրաստ է Սիրիայում ռուսաստանյան զինծառայողների հետ կիսել վտանգը, մինչդեռ երրորդ ուժերը փորձում են սրել իրավիճակը, կազմավորելով ու ամրապնդելով ահաբեկչական խմբավորումները հանրապետության տարածքում։

Բացի նրանից, որոնց մասին պատմել են Վ. Կոշելյովն ու Ա. Պերենջիևը, ես ուշադրություն դարձրեցի այն հանգամանքին, որ լռում է Արևմուտքը, լռում են ահաբեկիչների արևմտյան խնամառուները՝ ոչինչ չխոսելով ո՛չ ռուսաստանյան երեք զոհված սպաների, ո՛չ էլ ոչնչացված 30 ահաբեկիչների մասին։ Լռում են նաև ԻՊ-ի և ահաբեկչական այլ խմբավորումների հետ կապված արաբական շրջանակներում։ Կարծում եմ, որ դա անուղղակի ապացույցն է նրա, որ ռուսաստանյան սպաների մահվանն ի պատասխան, ոչնչացվածները եղել են ոչ թե ահաբեկիչներ, այլ արևմտյան այս կամ այն երկրի կամ Իսրայելի հատուկջոկատայիններ, որոնք անօրինականորեն գտնվում են Սիրիայում։ Չէ՞ որ ահաբեկիչների դեմ Ռուսաստանի գործողությունները տեղնուտեղը դատապարտվում են Արևմուտքի և արաբական երկրների ահաբեկչամետ շրջանակների կողմից։ Իսկ այս դեպքում բոլորը «լռում են»…

 

Սերգեյ Շաքարյանց