«Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»․ Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ «Ամերիկայի ձայն»ի հաղորդմամբ,  հանդիպմանը քննարկել են հայոց բանակին և ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր։

Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը փոխում է։

«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»  ձևաչափը ես վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- շեշտել է նախարարը:

«Ոչ մի բան չի զիջվելու: Հնարավոր են փոխզիջումներ»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ բանակը ձերբազատվելու է պաշտպանական վիճակից, ավելացվելու են գրոհային ստորաբաժանումները:

«Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք,- ասել է Տոնոյանը:- Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»։