ԱԱԾ-ն հերթական անգամ հերքել է Արթուր Վանեցյանի վերաբերյալ «Ժամանակ» օրաթերթի հրապարակումը և նույնը պահանջել թերթից

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն այսօր հանդես է եկել «Ժամանակ» օրաթերթում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին վերաբերող հրապարակման վերաբերյալ հերթական պաշտոնական հերքմամբ, միաժամանակ պահանջել հերքել նշված թերթում ԱԱԾ տնօրենին վերագրվող հերթական ապատեղեկատվությունը

«Ժամանակ» թերթի և 1in.am կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Սափեյանին ուղղված հերքման մեջ մասնավորապես նշված է․

«Այսօր՝ մարտի 30-ին, «Ժամանակ» թերթում և 1in.am կայքում տպագրվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին վերագրվող հերթական ապատեղեկատվությունը, որը որևէ կապ չունի իրականության հետ և վնասում է Նոր Հայաստանի կերտման գործում այն դերակատարությանը, որն այսօր իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Սույն թվականի մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ինքն ու իր ընտանիքը երբևէ որևէ առնչություն չեն ունեցել և չեն ունենալու բենզինի ներկրման և նավթամթերքի շուկայի հետ: Ուստի մեզ համար անհասկանալի է ապատեղեկատվություն տարածելու Ձեր դրդապատճառները:

Սույնով հերքում ենք հիշատակված հրապարակման մեջ ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ և «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն պահանջում ենք հրապարակել հերքում:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ԱԱԾ գործունեության հետ որևէ կերպ առնչվող ցանկացած նյութ հրապարակելուց առաջ ճշտել նաև կառույցի պաշտոնական կարծիքն ու դիրքորոշումն այդ հարցում»: