Այդ հանդիպումների միջոցով առաջին հերթին պաշտպանվում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը. Դավիթ Բաբայան

Ընդհանուր առմամբ, նման հանդիպումները միշտ էլ կարևորել ենք, որովհետև այդ հանդիպումների միջոցով առաջին հերթին պաշտպանվում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը և ապահովվում է բանակցային գործընթացի շարունակականությունը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում խոսելով մարտի 29-ին Վիեննայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպման մասին, ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ նման հանդիպումները պետք է լինեն շարունակական:

Ըստ Դ. Բաբայանի, համապարփակ կարգավորման առաջընթաց ապահովելու համար պետք է անպայման, առաջին հերթին, պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ վերականգնել բանակցային լիարժեք ձևաչափը և շարունակել շեշտը դնել խաղաղության ու կայունության պահպանման գործին:

Խոսելով մարդասիրական ոլորտում հետագա համագործակցության մասին, Դ. Բաբայանը մասնավորապես ասել է. «Պաշտոնական Ստեփանակերտը ժամանակին առաջարկել է համագործակցության մի շարք քայլեր: Օրինակ՝ մոտ 10 տարի առաջ մենք առաջարկել ենք, որ զինադադարի խախտումները հատուկ ընդգծված ձևով տեղի չունենան տոն օրերին՝ ազգային, միջազգային, կրոնական և այլն. դրանք իրենց մեջ ներառում են մարդասիրական մոտեցումներ: Նաև ժամանակին մենք առաջարկել ենք հումանիտար ոլորտում տնտեսական նախագծեր իրականացնել, այն ևս մերժվել է Ադրբեջանի կողմից: Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո այլընտրանքային ոչ պաշտոնական խողովակը նույնպես փակվել է: Եթե նախկինում՝ մինչև 2008 թվականը, եղել են եռակողմ հանդիպումներ, ապա նրա իշխանության գալուց անմիջապես հետո այն դադարեցվել է: Այս ուղղությամբ մենք պետք է շատ աշխատանքներ տանենք»: