ԱՄՆ-ի Սենատը Թուրքիային Ֆ-35-ների մատակարարումն արգելող նախագիծ է քննարկում

Մարտի 28-ին Միացյալ Նահանգների Սենատի մի քանի ներկայացուցիչներ քննարկման են ներկայացրել օրենքի նախագիծ, որով կարգելվի Թուրքիային մատակարարել Ֆ-35 կործանիչներն այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ կառավարությունը կհաստատի, որ Թուրքիան հրաժարվել է Ս-400 ռուսական ՀՕՊ համակարգերից։

«Razm.info»-ի տեղեկացմամբ, օրենքի նախագիծը հրապարակված է նախագծի համահեղինակ հանրապետական սենատոր Ջեյմս Լանքֆորդի պաշտոնական կայքում։ Դրա մյուս հեղինակներն են դեմոկրատներ Ջին Շահինը, Քրիստ Վան Հոլլենը և հանրապետական Թոմ Թիլլիսը։ Նախագիծը կոչվում է «ՆԱՏՕ-ի օդային սահմանների պաշտպանություն»։

«Ռուսաստանը մեր, ինչպես նաև մի շարք ՆԱՏՕ-ի անդամների մրցակիցն է։ Ռուսաստանի նկրտումները՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրում ամերիկյան կործանիչին ու տեխնոլոգիային հասանելիություն ունենալու համար, ազգային ու գլոբալ անվտանգության լուրջ ռիսկեր է պարունակում»,- նշված է սենատորների հայտարարությունում։

Սենատորները նախագիծն առաջադրելիս հայտարարել են, որ Ս-400-ների գործարքը կարող է ազդել Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության, ինչպես նաև ԱՄՆ-ի զինված ուժերի մի շարք, այդ թվում՝ կոալիցիոն ռազմական գործողությունների վրա:

Նշենք, որ Թուրքիան երկու միավոր F-35 ստացել է անցած տարի հունիսին, իսկ այս տարի մարտին նախատեսվում էր ևս երկու միավորի մատակարարում։ Սակայն փետրվարի 21–ին Դոնալդ Թրամփը ստորագրել էր որոշում՝ Թուրքիային մինչև նոյեմբերի 1–ը F-35 կործանիչների մատակարարումն արգելափակելու մասին։

Այս ընթացքում Պենտագոնը ևս մեկ անգամ պետք է զեկույց ներկայացնի՝ «Կործանիչների նախագծին Թուրքիայի մասնակցության և Ս-400-ների գնման մասին»։ Հնարավոր է, որ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի հատուկ օրենքով (CAATSA) նախատեսված պատժամիջոցներ կիրառվեն։

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն այսպիսի քայլեր են ձեռնարկում, քանի որ դեմ են Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի, ռուսական ՀՕՊ համակարգեր գնելուն։ Որպես դրան այլընտրանք, ամերիկյան կողմն առաջարկում է իր «Patriot» ՀՕՊ համակարգը, սակայն Թուրքիան մերժում է այս առաջարկը՝ հայտարարելով, որ պայմաններն իրեն հարմար չեն, ամերիկյան համակարգերն ավելի թանկ են։

Ուշագրավ է, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Էրդողանը, ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուն ու ՊՆ Հուլուսի Աքարը, պարբերաբար հայտարարում են, որ Ս-400-ների գործարքն արդեն կնքված է և որևէ հետ քայլ չի լինելու։

Հավելենք, որ Ս-400-ների գործարքը Ռուսաստանն ու Թուրքիան կնքել են 2017թ. դեկտեմբերին։ Թուրքիային այս տարվա ընթացքում պետք է մատակարարվի 4 դիվիզիոն Ս-400 ՀՕՊ համակարգ։