Կառավարությունը տավարաբուծության զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում

Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հաստատվել է ՀՀ-ում 2019-2024 թթ. տավարաբուծության զարգացման ծրագիրը: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, այն կնպաստի հանրապետությունում տավարաբուծության զարգացմանը, նախիրների որակական բարեփոխմանը, դրանցում տոհմային և արտադրատնտեսական բարձր արժեք ունեցող կենդանիների գլխաքանակի և կենդանական ծագման արտադրանքի ծավալների ավելացմանը: Ըստ այդմ, տոհմային կենդանիների ձեռքբերման նպատակով նախատեսվում է տրամադրել սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկեր (առավելագույնը 12% վարկի մինչև 10 տոկոսային կետի սուբսիդավորում)։

Ծրագրի իրականացման արդյունքում՝ պետական աջակցությամբ տավարաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներին հնարավորություն կընձեռվի ձեռք բերել շուրջ 10 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ: Հանրապետությունում տավարաբուծության զարգացումը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ օգտագործել առկա արոտավայրերը և խոտհարքները, ինչը կնպաստի գյուղական ազգաբնակչության եկամուտների ավելացմանը։ Պետական աջակցության ենթակա ընդհանուր գլխաքանակի 90 % տոհմային կովերի և երինջների պարագայում հանրապետությունում կարտադրվի ընդհանուր առմամբ շուրջ 25 մլրդ դրամ արժեքով կաթ և միս:

Տիգրան Ավինյանը նշել է, որ այս ծրագրերի շրջանակում կառավարությունն իրականացնում է ոլորտի զարգացման համար խոստացված քայլերը:

«Կարևոր եմ համարում, որ այս ծրագրերի շրջանակում մենք համակարգային լուծումների ենք գնում և շղթայի մի քանի օղակ ենք հաշվի առնում,- նշել է փոխվարչապետը:- Այսինքն և՛ կրթական մասը, և՛ տոհմային կենդանու ձեռքբերումը, և՛ հետագայում նաև էկոգոմի ստեղծման փուլում կառավարությունը և պետությունն օժանդակում են տնտեսվարողներին»: